Մատչելիության հղումներ

Փաստաբանները պնդում են, թե հայկական կողմն իրավասու չէ որոշել Պերմյակովի պատժի կրման վայրը 


Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները համարում են, որ, ամենայն հավանականությամբ, գյումրեցի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո կտեղափոխվի Ռուսաստան:

Նրանք նշում են, որ ստեղծված իրավիճակում հայկական կողմն իրավասու չէ որոշել պատժի կրման վայրը։

Լուսինե Սահակյանի խոսքով, 20-ամյա ռուս զինծառայողին Հայաստանում պահելու համար, հայկական կողմը կարող է դիմել Ռուսաստանին:

Փաստաբանը սակայն քիչ հավանական է համարում այս տարբերակը․ - «Հիմա շատ միամտություն կլինի կարծել, որ դատական ակտը կայացվելուց հետո Պերմյակովը հանձնվելու ա Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի պատիժը կրի Հայաստանի Հանրապետությունում: Ես, ճիշտն ասած, այդ միամիտներից չեմ, որպեսզի կարծեմ, որ եթե նախաքննությունում չհանձնեցին, դատական քննության ընթացքում չհանձնեցին, պետք է հանձնեն դատավճիռը կայացնելուց հետո»:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հրապարակած վճռում նշված չէ, թե որտեղ է պատիժը կրելու Պերմյակովը, ինչն անորոշության մեջ թողեց նույնիսկ ռուս զինծառայողի պաշտպանին։ Մինչև այս պահը հարցը չեն հստակեցրել նաև Հայաստանի իրավապահ համակարգի ներկայացուցիչները։

Հայաստանի արդարադատության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հարցին կանդրադառնան վաղը:

ՌԴ արդարադատության նախարարությունը, մինչդեռ, «Կոմերսանտ» պարբերական տեղեկացրել է, թե համաձայնությունը, որ Պերմյակովը պատիժը կրելու է իր հայրենիքում, ձեռք է բերվել դեռևս նախաքննության ընթացքում:

Պերմյակովին Ռուսաստան տեղափոխելու հարցում կասկածներ չունի նաև տուժողի իրավահաջորդի մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։ Իրավապաշտպանը հիշեցնում է՝ անցյալ տարի հունիսին Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարրգսյանի միջև կայացած հանդիպումից հետո Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանդի նախաքննությունը հանձնվեց Հայաստանին, սակայն Պերմյակովը ոչ մի րոպե չանցկացրեց հայկական կողմի վերահսկողության ներքո, իսկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բազմիցս մերժեց ռուս զինծառայողի նկատմամբ խափանման միջոց ընտրելու փաստաբանների միջնորդությունը։

«Պերմյակովը ի սկզբանե գտնվել ա Ռուսաստանի Դաշնության հսկողության ներքո․ և՛ բազայում ծառայության ժամանակ, և՛ հանցագործություն կատարելուց ու հայտնաբերվելուց հետո, և՛ նախաքննության փուլում, և՛ դատաքննության փուլում․․․ Պերմյակովին դատարանի դահլիճ բերում էին ռուսական բազայի զինվորները, հանձնում էին դատարանի դահլիճի մոտ մեր կարգադրիչներին, նրանք էլ ձեռքից վերցնում էին, բերում էին ներս», - ասաց Սաքունցը:

Փաստաբանները մտադիր են բողոքարկել երեկ կայացված դատավճիռը։ Լուսինե Սակայանի խոսքով, թեև ռուսական 102-րդ ռազմաբազայի նախկին զինծառայողն արժանացավ ամենածանր պատժին, այնուհանդերձ դատավճռով պատասխանատվությունից խուսափեցին ռուսական այն լիազոր մարմիններն ու հրամանատարները, որոնք Վալերի Պերմյակովին պիտանի էին ճանաչել զինվորական ծառայության համար ու նրան զենք էին տրամադրել։

«Պերմյակովը, որը ուներ առողջական շատ լուրջ խնդիրներ, որը ութ անգամ դասալքություն էր կատարել, բազմիցս տարբեր հոգեբուժական բաժանմունքներում բուժում էր ստացել, և Ռուսաստանի Դաշնությունում նրան արգելվել էր զենք կրել, չգիտես ինչու, երբ տեղափոխվել էր Հայաստանի Հանրապետություն, նրան տրամադրվել էր զենք: Ընդ որում ասեմ, որ նրան արգելվել էր զենք կրել հենց այն իմաստով, որ բժիշկը գտել էր, որ նրա համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի», - նշեց Սահակյանը:

«Ռուսական բազային հրամանատարության պատասխանատվության հարցին ընդհանրապես չանդրադարձան: Ո՚չ նախաքննության մարմինը, ո՛չ էլ դատաքննությանը հնարավոր եղավ, որովհետև դատարանը ջանքեր չգործադրեց՝ գործով անցնող կարևոր վկաներին դատարան բերման ենթարկելու: Նաև ռուսական բազայի հրամանատարի նկատմամբ մեր քննչական մարմինը, չնայած մենք միջնորդություններ ներկայացրել ենք, նրա նկատմամբ էլ քննչական գործողություններ չկատարեց»:

Ռուսական կողմին պատասխանատվության ենթարկելու փաստը, Սահակյանի պնդմամբ, կարող է կանխել նմանատիպ հնարավոր հանցագործությունները, քանի որ Վալերի Պերմյակովի՝ մեկուկես տարի տևած նախաքննության ու դատավարության ընթացքում հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Գյումրիի ռազմաբազա ծառայության է ուղարկում հիմնականում առողջական խնդիրներ կամ քրեական անցյալ ունեցող քաղաքացիների․ - «Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ իրականում կարծես թե Հայաստանը աքսորավայր լինի ռուս զինծառայողների համար: Այսինքն Հայաստանի Հանրապետություն տեղափոխվում են այն զինվորականները, որոնք խնդիրներ են ունեցել Ռուսաստանի Դաշնությունում՝ դասալքություններ, տարբեր տիպի հանցագործություններ և այլն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG