Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի նախընտրական այցը Ախալքալաք ավարտվեց սկանդալով:
Վրաստանի վարչապետը Ախալքալաք էր ժամանել երեկ կեսօրին` «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության կողմից այստեղ առաջադրված մեծամասնական թեկնածուին` Հենզել Մկոյանին տեղացի ընտրողներին ներկայացնելու համար: Ախալքալաքի բնակիչների մի մասը, սակայն, ակնկալում էր, որ իշխող քաղաքական ուժը հոկտեմբերի 8-ին անցկացվելիք ընտրություններում պատգամավորության թեկնածու կառաջադրի գործող պատգամավոր Սամվել Պետրոսյանի որդուն` Անդրանիկին:
«Եթե Անդրանիկը չի առաջադրվելու, կարող եք հեռանալ Ախալքալաքից», - դիմելով Վրաստանի վարչապետին՝ ասում էին բորբոքված երիտասարդները:
«Պետք չէ ինձ վերջնագրեր ներկայացնել», - իր հերթին, հակադարձում էր Կվիրիկաշվիլին` ուղղակի բանավեճի մեջ մտնելով ախալքալաքցի երիտասարդների հետ: Պետրոսյանի կողմնակիցները, սակայն, չէին հանդարտվում` թույլ չտալով Հենզել Մկոյանին շարունակել ելույթը:
«Այն, ինչ դուք եք անում, ապակառուցողական մոտեցում է: Եթե մեր թեկնածուն այստեղ կանգնած է, դա արդեն իսկ ինչ-որ բան նշանակում է: Նախ ինքներդ ձեզ հարգեք, հետո նաև՝ ուրիշներին», - կրկին ստիպված էր միջամտել Վրաստանի վարչապետը:
Ստեղծված կացության գլխավոր պատճառներից մեկը 2015-ին Վրաստանում հաստատված նոր Ընտրական օրենսգիրքն է, որով փոփոխության է ենթարկվել մեծամասնական ընտրատարածքների ողջ աշխարհագրությունը: Եթե նախկինում Նինոծմինդան և Ախալքալաքը մեկական պատգամավոր էին ընտրում, ապա այժմ այս երկու հայաբնակ շրջանները միավորվել են մեկ միասնական ընտրատարածքի կազմում: Իշխող «Վրացական երազանք»-ի ընտրությունն էլ կանգ է առել Նինոծմինդան ներկայացնող Հենզել Մկոյանի վրա, ինչն էլ, իր հերթին, առաջացրել է Ախալքալաքի ամենաազդեցիկ գործիչներից մեկի` նախկին ոստիկանապետ, գործող պատգամավոր Սամվել Պետրոսյանի կողմնակիցների դժգոհությունը:
Վրաստանի վարչապետը խոստացավ, որ Ախալքալաքի ներկայացուցիչը հաջորդ գումարման խորհրդարանի կազմում հաստատ ներկայացված է լինելու, բայց ոչ թե մեծամասնական, այլ համամասնական ընտրակարգով:
Ախալքալաքի կենտրոնական հրապարակում հավաքված մի քանի տասնյակ դժգոհ քաղաքացիներին, սակայն, վարչապետի բացատրությունները համոզիչ չթվացին, և նրանք իրենց բողոքի ակցիան շարունակեցին քաղաքային ավագանու շենքին հարող տարածքում:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տեղեկություններով էլ` միջադեպից անմիջապես հետո Գիորգի Կվիրիկաշվիլին հեռացել է Ախալքալաքից:
Վրաստանի վարչապետի` Ջավախք կատարած նախընտրական այցի սկզբում, ի դեպ, որևէ նախանշան չկար, որ այն կարող է սկանդալով ավարտվել: Հատկապես Նինոծմինդայում Կվիրիկաշվիլիին բավական ջերմ էին դիմավորում:
Ի դեպ, Ջավախքը Վրաստանի միակ տարածաշրջանն է, որտեղ Վրաստանի վարչապետ և իշխող «Վրացական երազանք»-ի առաջնորդ Գիորգի Կվիրիկաշվիլիի նախընտրական ելույթները հնչում էին սինխրոն թարգմանությամբ:
Ջավախք այցի ժամանակ Կվիրիկաշվիլին նշում էր, որ պետության բազմազգ բնույթը Վրաստանի հարստությունն է, և որ պաշտոնական Թբիլիսին ցանկանում է անել հնարավորը բոլոր հարևանների հետ բնականոն հարաբերություններ ունենալու համար:
«Մի կողմից, մենք հավատարիմ ենք մեր որդեգրած արևմտամետ քաղաքական կուրսին, մյուս կողմից՝ փորձում ենք կարգավորել հարաբերությունները հարևանների` նախևառաջ Ռուսաստանի հետ: Իհարկե, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում որևէ փոխզիջում չի լինելու, բայց և այնպես, հարևանների հետ բնականոն հարաբերությունները անհրաժեշտ են», - դիմելով ջավախքցի ընտրողներին՝ հայտարարում էր Գիորգի Կվիրիկաշվիլին: