Մատչելիության հղումներ

Սանասարյանը «քաղաքական որոշում» է համարում իր ազատ արձակումը


Դավիթ Սանասարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը» «Նուբարաշեն» քկհ-ի մոտ, 19-ը օգոստոսի, 2016թ․
Դավիթ Սանասարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը» «Նուբարաշեն» քկհ-ի մոտ, 19-ը օգոստոսի, 2016թ․

«Ժառանգության» խոսնակի պնդմամբ, իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է:

Քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց «Ժառանգության» խոսնակ Դավիթ Սանասարյանը: Վերաքննիչ դատարանն այսօր որոշեց փոխել նրա խափանման միջոցը՝ կալանքը, 1.5 միլիոն դրամ գրավի դիմաց:

«Ինչպես քաղաքական որոշմամբ ինձ գողացան, էդպես էլ քաղաքական որոշմամբ ինձ բաց թողեցին: Վստահ եմ, որ դա քաղաքական որոշում էր, ու էդ որոշումը կայացվել է Բաղրամյան 26-ում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը:

Դավիթ Սանասարյանը բերման էր ենթարկվել հուլիսի 30-ին Սբ․ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից, այնուհետև կալանավորվել: Նրան, ինչպես նաև հուլիսի 29-ին Սարի թաղում երթն առաջնորդող «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանին և «Ոտքի՛ Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու անկարգություններին մասնակցելու համար:

Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ Սանասարյանն ասաց, որ այն անհիմն է:

«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եթե մի ձայնագրություն բերեն, որտեղ ես ասել եմ մարդկանց, ոնց որ ցուցմունքների մեջ է, քարերը վերցրեք և խփեք ոստիկաններին, ես խոստանում եմ, որ ուղիղ 10 տարի կնստեմ բանտում: Ընդհակառակը, իմ ընկերների հետ միասին հանդարտեցրել ենք մարդկանց, և փաստորեն, խանգարել ենք իրենց, որ հանդարտեցնում էինք: Ես ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես էին ոստիկանների կողմից քաղաքացիական հագուստով մարդիկ քարեր նետում քաղաքացիների վրա: Ես զգուշացրել եմ Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին, որ հրահանգեք, որ չանեն նման բան, որովհետև մենք էս կողմից մարդկանց մի կերպ էինք պահում», - նշեց Դավիթ Սանասարյանը:

Նա հավելեց, որ ավելի վճռական է դարձել, ու քաղաքական պայքարը շարունակելու է նոր թափով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG