25 տարի առաջ հենց այս ժամերին Խորհրդային Միության հսկայական տարածքում տեղի են ունեցել դրամատիկ զարգացումներ, որոնք, ի վերջո, հանգեցրել են կոմունիստական կայսրության վախճանին:
Խորհրդային տարբեր հանրապետություններում, ինչպես նաև ինքնավար կազմավորումներում ի հայտ էին եկել անջատական միտումներ, սկսվել էին արյունալի ազգամիջյան բախումներ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի շուրջ:
ԽՍՀՄ-ում տնտեսական ճգնաժամ էր, կար պարենի, վառելիքի, կարևոր այլ արտադրանքի դեֆիցիտ: Տրանսպորտն անկանոն էր աշխատում, բեռնափոխադրումները խափանվում էին, արդյունաբերական քաղաքներում գործադուլներ էին:
1991 թվականի մարտի 17-ին տեղի էր ունեցել ԽՍՀՄ պահպանելու հարցով հանրաքվե, որը, սակայն, չէր անցկացվել Բալթյան երեք հանրապետություններում, Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում, քանի որ այդ երկրներում արդեն անցկացվել էին անկախության հանրաքվեներ կամ ընդունվել էին նման հանրաքվե անցկացնելու որոշումներ:
Միությունը փլուզվում էր, և այդ գործընթացին վերջ տալու համար խորհրդային նախագահ Միխայիլ Գորբաչևը նախաձեռնել էր Միութենական նոր պայմանագրի ստորագրում, որը պետք է տեղի ունենար օգոստոսի 20-ին: Ենթադրվում էր, որ այն կստորագրեն 15 հանրապետություններից 9-ը: Գորբաչևը հայտարարել էր, որ պայմանագիրը բաց է ուրիշ երկրների համար և մեկնել էր Ղրիմ՝ Ֆարոսի պետական ամառանոց:
Մինչդեռ, բարձր ատյաններում Գորբաչեևի մի խումբ ընդդիմախոսներ և Խորհրդային Միությունն ամեն գնով պահպանելու երդվյալ ջատագովներ գաղտնի պայմաններում նախաձեռնել են ԽՍՀՄ-ում արտակարգ դրության պետական կոմիտե կազմելու ծրագիր:
Վերլուծաբանների մի մասը համոզված է, որ Գորբաչևն իրականում գիտեր դրա մասին և կամ իր լռելյայն համաձայնությունն էր տվել կամ պարզապես չէր կարողացել խափանել դրա ստեղծումը:
Օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը փոխնախագահ Գենադի Յանաևը և ևս 7 խռովարարներ, այդ թվում վարչապետը, ԿԳԲ-ի նախագահը, պաշտպանության և ներքին գործերի նախարարները, ստեղծել էին արտակարգ դրության կոմիտեն: Հոգեվարքում գտնվող երկրի ղեկավարումը ստանձնել էր Յանաևը:
Օգոստոսի 19-ին սովետական զանգվածային լրատվամիջոցները հաղորդել էին, թե նախագահ Գորբաչևը հիվանդ է և չի կարող կատարել լիազորությունները:
ԳԿՉՊ-ն երկրում խորը և համապարփակ ճգնաժամը հաղթահարելու, քաղաքական, ազգամիջյան առճակատմանը, քաոսին վերջ տալու, Միությունը և դրա տարածքային ամբողջականությունը պահպանելու համար ԽՍՀՄ առանձին հատվածներում 6 ամսով հայտարարել էր արտակարգ դրություն, որն ուժի մեջ էր մտել օգոստոսի 19-ին Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 4-ին:
Ղրիմում գտնվող Գորբաչևը գործնականում մեկուսացվել էր: Մոսկվայում զորամիավորումներ էին տեղակայվել:
Բայց ԽՍՀՄ մայրաքաղաքում և խոշոր այլ քաղաքներում հանրությունն արձագանքել էր բողոքի հզոր ցույցերով: Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը հայտարարել էր, որ չի ենթարկվի ԳԿՉՊ-ին և դրա ստեղծումը որակում է որպես պետական հեղաշրջման փորձ:
Երեք օրում պարզ էր դարձել, որ հանրությունը չի ընդունում ԳԿՉՊ-ի գաղափարը: Օգոստոսի 21-ին բանակի ստորաբաժանումները դուրս էին բերվել Մոսկվայից: Ռուսաստանի Գերագույն խորհուրդն արտահերթ նիստում փոխնախագահ Ալեքսանդր Ռուցկոյին և փոխվարչապետ Իվան Սիլաևին հանձնարարել էր մեկնել Ղրիմ և Մոսկվա վերադարձնել Գորբաչևին:
ԳԿՉՊ-ի անդամներին և նրանց աջակցող ևս մի քանի պաշտոնյաների ձերբակալել էին: 1994 թվականին նրանց նկատմամբ կիրառվեց ամնիստիայի որոշում: Բայց այդ ժամանակ ԽՍՀՄ-ն ալևս չկար:
1991 աշնանը ձախողվել էր մեկ այլ նախաձեռնություն՝ կոնֆեդերատիվ միություն կազմելու ծրագիրը: Դեկտեմբերի 8-ին Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան ստորագրել էին «բելովեժյան պայմանագիրը», որով կազմվել էր ԱՊՀ-ն: Հետագայում մի շարք նախկին խորհրդային երկրներ, այդ թվում Հայաստանը՝ միացել են ԱՊՀ-ին:
Իսկ 1991 թվականի դեկտեմբերի 26-ին ԽՍՀՄ-ը պաշտոնապես հռչակվել է լուծարված: