Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց, երկրում աննախադեպ ճգնաժամային իրավիճակ ստեղծելուց մեկ ամիս անց, «Սասնա ծռեր» խմբի համակիրները շարունակում են պնդել, թե զինված ապստամբությանն այլընտրանք չկար: Իշխող ՀՀԿ-ն էլ, իր հեթին, հայտարարում է՝ զենքով իշխանափոխության հասնելու փորձը խայտառակություն էր, որը լուրջ հարված հասցրեց երկրի հեղինակությանը։
«Սասնա ծռեր»-ին աջակցող շարժման քաղխորհրդի անդամ Ալեգ Ենիգոմշյանի համոզմամբ, հասարակության մեծ մասն աջակցում է զինված խմբի անդամներին ու նրանց առաջ քաշած պահանջներին։ «Այն ինքնավստահությունը, որ կար վարչախմբի մոտ, որ մեր դեմ խաղ չկա, Հայաստանում այդ իրավիճակն այսօր լրիվ վերացած է: Այսօր այս վարչախումբը շարունակում է հենվել ընդամենը մեկ ինստիտուտի վրա, որը ոստիկանական պատժիչ ուժերն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ալեք Ենիգոմշյանը:
Երևանի Էրեբունի թաղամասում անցյալ ամիս ծավալված դրամատիկ իրադարձությունների հետևանքով սպանվեց 3 ոստիկան, հարուցված քրեական գործի շրջանակում այս պահին կալանավորված է 50 անձ։ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն, ՊՊԾ գնդում հրկիզվել ու վնասվել է ոստիկանության 21 ավտոմեքենա, գնդում տեղադրված բանկոմատից հափշտակվել է 14 միլիոն դրամ։
Հաղորդվում է նաև, որ Խորենացի փողոցում և Սարի թաղում հուլիսի 20-ին ու 29-ին ոստիկանության ու քաղաքացիական հագուստով անձանց իրականացրած բռնությունների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան 110 քաղաքացի, այդ թվում՝ լրագրողներ, հարձակման պատճառով հեռացվել է 16-ամյա Սայադ Հարությունյանի աչքը։ «Սասնա ծռեր»-ի աջակից Ալեք Ենիգոմշյանի պնդմամբ, երեք ոստիկաններից մեկի սպանության հետ զինված խմբի անդամները կապ չունեն, իսկ մյուս երկուսը զոհվել են փոխհրաձգության արդյունքում։
Իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով, «Սասնա ծռեր»-ի արարքն անթույլատրելի ու դատապարտելի է անգամ իշխանությանը քննադատողների համար։ «Ես ափսոսում եմ, որ մեր որոշ գործընկերներ մեկ ամիս հետո սլաքներն ուղղում են լրիվ այլ ուղղությամբ՝ հրաժարականներ, իշխանափոխություն, իշխանության վերարտադրություն, այդ ամեն ամեն ինչը պետք է լինի ընտրությունների միջոցով: Մենք ապրում ենք ժողովրադավարական երկրում, և Հայաստանում բացի օրինական ճանապարհից այլ ճամապարհով ոչ՛ իշխանության վերարտադրություն, ոչ՛ իշխանափոխություն չի կարող լինել, դա անթույլատրելի է:
Երկրորդը՝ մեկ ամիս հետո մենք պետք է ամենակարևոր դասերը քաղած լինեինք, որ անթույլատրելի է, որ Երևանում կամ Հայաստանում զենքով հայը կրակի հայի վրա, անթույլատրելի է, երբ սպանվում են իմ երկրի խորհրդանիշը համարվող ոստիկանության աշխատակիցներ, մարդիկ, ովքեր իրենց մարտական ուղին և պետական ծառայությունը սկսել են դեռևս արցախյան հերոսամարտի տարիներին և իրենց արյունակցի կողմից սպանվում են․․․ ու դրա մասին մեկ ամիս հետո գրեթե բոլորը մոռանում են»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Շարմազանովը:
Ենիգոմշյանի խոսքով՝ թեև «Սասնա ծռեր»-ի անդամները կալանավորված են, քաղխորհրդին, այդուամենայնիվ, հաջողվելու է հանրահավաքների ու բողոքի այլ գործողությունների միջոցով հասնել իրենց պահանջների կատարմանը, քանի որ, իշխանության դիրքերը թուլացել են, իսկ վարչախմբի հանդեպ ժողովրդի դժգոհությունն էլ ահագնանում է։ «Զուտ տեսական առումով, եթե այնպես ստացվի, որ մինչև նշանակված ընտրությունների թվականը այս ռեժիմը դեռևս չհեռանա, բնականաբար, այդ օրը կդառնա նաև․․․ այսինքն՝ մեր մարտավարության մեջ դա կունենա շատ էական նշանակություն»,- այսօրվա ասուլիսին հայտարարեց Ալեք Ենիգոմշյանը:
Էդուարդ Շարմազանովն իշխանության դիրքերի ամրությունը ստուգելու համար «Սասնա ծռեր»-ի համակիրներին առաջարկում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։