Մատչելիության հղումներ

Շոյգուն Բաքվում կքննարկի նաև ղարաբաղյան հակամարտության խնդիրը


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախօրեին անակնկալ այցով ժամանել է Բաքու, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Ադրբեջանի մայրաքաղաքում է՝ ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը քննարկելու նպատակով։

«Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ռուսական պաշտպանական գերատեսչության ղեկավարը բանակցություններ կանցկացնի ադրբեջանցի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ», - լրագրողների հետ զրույցում երեկ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Հիշեցնենք, օգոստոսի 12-ին կարճատև աշխատանքային այցով, նախարար Շոյգուի հրավերով, Մոսկվայում էր Ադրբեջանի պաշտպանությանը նախարարը, սակայն այս այցի մասին մանրամասներ չեն հաղորդվել։

Ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականը, մանրամասնելով ռուս-ադրբեջանական բանակցությունները, հայտնել է նաև, որ կողմերը մասնավորապես քննարկելու են ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ։

«Տեղի կունենա մտքերի փոխանակում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ», - ասել է Կոնաշենիկովը՝ հավելելով, որ նախարար Շոյգուին, կընդունի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք, Ռուսաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են առաջիկա սեպտեմբերին նոր համաձայնագիր ստորագրել, որով նախատեսվում է Ադրբեջանում բացել ռազմական ուղղաթիռներ արտադրող ռուսաստանյան խոշորագույն ընկերության՝ Вертолеты России-ի սպասարկման կենտրոն։ Այն իրականացնելու է ադրբեջանական ռազմական և քաղաքացիական ուղղաթիռների վերանորոգումը:

Անցած շաբաթ Կրեմլի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում, հիշեցնենք, Բաքվում էր նաև Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի պատասխանատու Դմիտրի Ռոգոզինը, ով լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը, որպես լավ և ոչ թանկ սպառազինություն արտահանող, անշուշտ, հետաքրքիր է Ադրբեջանին։

Ռուսաստանի փոխվարչապետը մասնավորապես հայտնել էր, որ հաջորդ տարի Մոսկվան Բաքվին կվաճառի Руслан (Ан-124) տեսակի բեռնատար մեկ ինքնաթիռ, բացի այդ Ադրբեջանում կբացվի ինքնաթիռների հավաքման գործարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG