Սարի թաղում հուլիսի 19-ին ոստիկանության և քաղաքացիների միջև բախումներից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրվող վեց քաղաքացիներից մեկի՝ Հարություն Թորոսյանի պաշտպան Անի Թորոսյանի հավաստմամբ, վերաքննիչ դատարանը, մեղադրյալի ու պաշտպանի բացակայությամբ, դատական նիստ է անցկացրել և մերժել է կալանքը որպես խափանման միջոց վերացնելու միջնորդությունը։
«Ես կալանքի դեմ վերաքննիչ բողոք եմ ներկայացրել ու պատկերացրեք՝ մեկ դատական նիստով վերաքննիչ դատարանը, առանց պաշտպանի, առանց ամբաստանյալի, շըփ-թրփ բողոքը մերժել են, վերջացրել են: Որոշումն էլ, ասում են՝ կուղարկենք: Խոսքի իրավունքից, փաստորեն, զրկվեցինք: Դատարանում մեր բողոքը ներկայացնելու իրավունքից զրկվեցինք»,- արձանագրում է փաստաբանը:
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար Հայաստանի քրեական օրենսգիրը նախատեսում է 5 ից 10 տարվա ազատազրկում: Կալանավորվածների հարազատները կատարվածը հաշվեհարդար են համարում։ Պատմում է կալանավորված Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանը՝ «Ինքը բանակում սնայպեր ա եղել, ասում ա՝ որ եթե ես ուզենայի քարով խփեի մեկի գլխին, դա իմ համար մեկից մեկ խաղ ա: Այսինքն՝ ինքը շատ հանգիստ կարար խփեր էդ ոստիկանին, բայց քարը գցել ա ոտքերի տակ, որ կռիվը դադարի»:
Գործն, ըստ պաշտպանի, միտումնավոր քննում են «կայծակնային արագությամբ»: «Արդեն նախաքննության ավարտն են հայտարարել, նյութերի հետ ծանոթացման ժամկետն էլ սահմանափակվել է մինչև օգոստոսի 16-ը: Դա նշանակում է, որ օգոստոսի 16-ից հետո միայն 1 օր մենք ժամանակ կունենանք միջնորդություններ ներկայացնելու, որից հետո արդեն մեղադրականը հաստատված կմտնի դատարան: Պատկերացնու՞մ եք, նախաքննությունը նույնիսկ 1 ամիս չի տևում»,- տարակուսում է փաստաբանը:
Հարություն Թորոսյանի եղբայրն էլ ասում է՝ հուլիսի 19-ի բախումների մասնակիցների մեծ մասը հետախուզման մեջ են, մինչդեռ նրանք, ում արդեն ձերբակալել են, «դարձել են քավության նոխազ»։ Փաստաբան Անի Թորոսյանն էլ ընդգծում է՝ տուժող ճանաչված 6 ոստիկաններից ոչ մեկն իր պաշտպանյալի դեմ բողոք չունի։ «Բոլոր ոստիկաններն առերեսվել են Հարությունի հետ, ոչ մեկը Հարությունին դեքպի վայրում չի էլ տեսել, որովհետև՝ իսկապես նա նախահարձակ չի եղել, ինչ-որ հարց պարզաբանող չի եղել, Հարությունն էդ խմբում չի եղել»,- ասաց Անի Թորոսյանը:
Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանն այս ձերբակալությունները համարում է այլախոհներին լռեցնելու՝ իշխանության ծրագիր։ «Ով որ դիմադրում է իշխանական ուժերին, պետք խիստ պատժվի: Սա Հայաստանում դրված, վերևից իջեցված օրենք է: Հիշենք Հայկ Կյուրեղյանի դեպքը, ի՞նչ էր՝ ոստիկանությանն այդ ի՞նչ վնաս տվեց, որ 9 տարի դատապարտեցին․․․կամ Շանթ Հարությունյանին․․․ այդ նույն համատեքստում է՝ ահաբեկել բոլորին, որ հանկարծ իշխանության դեմ դուրս չգան»,- համոզմունք հայտնեց իրավապաշտպանը: