Մատչելիության հղումներ

Կալանավորված ազատամարտիկի ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է


Մհեր Մազմանյանի կինը՝ Քրիստինե Արամյանը:
Մհեր Մազմանյանի կինը՝ Քրիստինե Արամյանը:

Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ Մհեր Մազմանյանի կինը՝ Քրիստինե Արամյանը դժվարությամբ է համաձայնում հարցազրույց տալ, հուզվում է: Ասում է, որ չի ուզում խոսել իր վիճակից, վերապատմել կատարվածը․ - «Ես խեղդվում եմ, ես չեմ կարում արդեն, խոսալուց չգիտեմ իմ հետ ինչ ա կատարվում»:

Փոքր-ինչ հանդարտվելով՝ Քրիստինեն ասաց, որ մոտավորապես երեք շաբաթ է, ինչ չի տեսել ամուսնուն, ինքն ու վեց անչափահաս երեխաները մնացել են մենակ․ - «Երբ որ արդեն ձերբակալել են, դրանից հետո ո՛չ խոսացել ենք, ո՛չ տեսել ենք»:

Բազմանդամ այս ընտանիքը սոցիալական շատ ծանր վիճակում է․ - «Մի կերպ ես ծերը ծերին հասցնում եմ․․․ Բարեկամներն էլ լավ վիճակի չեն․ ամեն մեկը իրա մի փոքրիկ լումայով օգնում ա, որ երեխաների օրվա հացը ես կարողանամ ապահովել»:

Փոքրիկ բնակարանը, որ վարձում են Երևանի արվարձաններից մեկում, ստիպված կլինեն լքել: Քրիստինեն ասում է, որ տանտիրուհին մտել է իրենց դրության մեջ, ժամանակ է տվել, սակայն հիմա պիտի ավելի մատչելի տարբերակ փնտրի․ - «Վարձը չեմ կարողանում մուծել, կոմունալ վճարներն են, շուտով հինգ երեխա պետք ա ճանապարհեմ դպրոց․․․ ոչ մի ֆինանսական գումար չկա, որ կարողանամ երեխաների դպրոցի հարցը լուծեմ․․․ Անորոշ ենք, թե ինչ ա լինելու․․․ Բոլորս էս պահին մեծ ստրեսի մեջ ենք: Անգամ ամենափոքրիկը, երբ որ հեռուստացույցով ցույց տվեցին հայրիկին, տեսավ, երեխեն տեղից գոռաց՝ պապաս, պապաս, էս իմ պապան ա, ու հիստերիկ լացով դուրս եկավ դուրս»:

Մազմանյանների բազմանդամ ընտանիքը Ղարաբաղից՝ Բերձորից Երևան է տեղափոխվել մեկ տարի առաջ: Մհերն ազատամարտիկ է, վիրավորվել էր Լաչինում․ - «Ամուսինս երրորդ կարգի հաշմարդամ է, ապրել են Քաշաթաղի շրջանում, քաղաք Բերձորում»:

Երևան տեղափոխվելու նպատակը ավագ դստեր կրթությունը բուհում շարունակելն էր, սակայն ուսանող դառնալու երազանքը փշրվեց, երբ ընտանիքի հայրը կալանավորվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG