Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմել է Հատուկ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ հայտնելով, որ իրեն թույլ չեն տալիս տեսակցել քրեակատարողական հիմնարկներում գտնվող «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Նոր Հայաստան»-ի անդամ Անդրիաս Ղուկասյանին, «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին։
Դիմումում մասնավորապես ասված է. - «Ինչպես հայտնի է, խոչընդոտելով իմ պատգամավորական լիազորությունները, ինձ անհիմն թույլ չեն տալիս տեսակցել քրեակատարողական հիմնարկներում գտնվող Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Անդրիաս Ղուկասյանին ու Ժիրայր Սեֆիլյանին և «Սասնա ծռեր» խմբի անդամ հերոսներին: «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին մասի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորը առանց հատուկ թույլտվության պատիժը կրելու վայր մուտքի և ելքի իրավունք ունի»։
Պատգամավորը նշում է, որ լրատվամիջոցներից տեղեկացել է, որ վերը նշված անձանցից մի քանիսին տեսակցել են Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանասարյանը:
«Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ տրամադրել պարզաբանում՝ եթե խտրականություն չէ, ապա ի՞նչ հիմքերով են տվյալ անձինք տեսակցել մեր հերոսներին: Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել խնդրի լուծման վերաբերյալ», - դիմումում գրել է Փոստանջյանը:
Նշենք, որ այսօր նմանատիպ գրությամբ ՀՔԾ- է դիմել Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։