Մատչելիության հղումներ

Մեսրոպ Մովսեսյան․ Ո՞նց կարող էր քաղաքացին լրագրողների վրա նետել ռումբ


«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը (ձ) և «Ա1+» կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը լրագրողների հետ հանդիպմանը: 12-ը օգոստոսի, 2016 թ․
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը (ձ) և «Ա1+» կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը լրագրողների հետ հանդիպմանը: 12-ը օգոստոսի, 2016 թ․

Հատուկ քննչական ծառայությունն այսօր (ՀՔԾ) հայտնել է, որ Սարի թաղում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող երկու անձ է կալանավորվել:

Միայն ոստիկանության աշխատակից չհանդիսացող անձանց կալանավորման լուրին զարմանքով արձագանքեց «Ա1+» կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը՝ անհասկանալի համարելով, թե ինչպե՞ս կարող էին այդ քաղաքացիական անձինք ոստիկանների ներկայությամբ ու առանց նրանց թույլտվության բռնություն կիրառել լրագրողների դեմ․ - «Ո՞նց կարող էր քաղաքացին, օրինակ, լրագրողների վրա նետել ռումբ, պայթուցիկ նյութ, որը վնաս էր տալիս այդ մարդկանց: Չեմ կարողանում հասկանալ նաև այն բանը, որ միանգամից պարզվեց, որ ոստիկաններն այդտեղ կապ չունեն»:

Հուլիսի 29-ին Սարի թաղում «Սասնա ծռեր» զինված խմբի աջակիցների երթը լուսաբանելիս, ըստ ՀՔԾ-ի՝ ենթադրյալ հանցագործության հետևանքով տուժել է 20 լրագրող, որոնցից 17-ը քրեական գործով արդեն ճանաչվել են տուժող և հարցաքննվել:

Լրագրողների մեծ մասը տուժել էր ոստիկանության կիրառած հատուկ միջոցների՝ լուսաձայնային նռնակների բեկորներից, իսկ ոմանք ծեծի էին ենթարկվել, իրենց պնմամբ, ոստիկանների շարքերից եկած քաղաքացիական հագուստով անձանց կողմից:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասում է, որ մի քանի անձանց կալանավորումը բավարար չէ․ պետք է պատասխան տան հրաման տվող ու քրեական տարրերի հետ համագործակցող իրավապահները․ - «Ովքե՞ր են տվել լրագրողներին ծեծի ենթարկելու, ընդհանրապես քաղաքացիներին բռնության ենթարկելու հրահանգները, ովքե՞ր են եղել տեղյակ այդ հրահանգներից, ի՞նչ պատասխանատվության պետք է ենթարկվեն նաև այդ անձինք: Ամբողջ շղթան պիտի բացահայտվի»:

Լրագրողների դեմ իրականացված բռնությունները բացահայտել պահանջող նախաձեռնության անդամ խմբագիրները անդրադարձան նաև նախագահ Սերժ Սարգսյանի ներողությանը, որ նա հայցել էր լրատվամիջոցների ներկայացուցիչներից՝ կոչ անելով մոռանալ տեղի ունեցածը:

«Երբ որ մարդիկ հիվանդանոցում տառապում էին, ու ինքը ինչ-որ ներողություն և մոռանանք կոչ է անում, ինձ համար մի քիչ տարօրինակ էր: Ի՞նչ ա նշանակում մոռանանք․․․ մոռանանք ի՞նչը․․․ Օրինակ, ես եթե հարվածեմ ոստիկանին, ինձ դրա համար դատ ա հասնում, որովհետև ոստիկանը իր պարտականությունները կատարելու ժամանակ է: Իսկ լրագրողը ինչո՞վ ա տարբերվում էս դեպքում, երբ որ ունի վկայական և վրան էլ գրած ա՝ մամուլ․․․ Բայց թքած ունեն այդ ամեն ինչի վրա, կարող են ռմբակոծել, կարող են մահակով ծեծել», - ասաց Մովսեսյանը՝ շարունակելով․ - «Ուղղակի պատասխանատվությունը Սերժ Սարգսյանինն է, որովհետև բոլոր որոշումները կայացնում ա Սերժ Սարգսյանը և բոլոր որոշումների պատասխանատվությունը հավանաբար պետք է ինքը կրի»:

Երկու օր առաջ լրագրողների դեմ բռնությունը դատապարտող հայտարարությանն էր միացել նաև ոստիկանության «02» շաբաթաթերթը: Այդուհանդերձ Ոստիկանության լրատվության վարչության պետը պնդել էր, թե դեռևս չկա մի փաստ, որ լրագրողների դեմ բռնություն են գործադրել համազգեստով կամ քաղաքացիական հագուստով ոստիկանները:

«Հրապարակ»-ի խմբագիրը վստահ է, որ իշխանությունները չեն հասկանում, թե ինչ կարևորություն ունի ազատ մամուլը հանրության համար․ - «Մեր՝ լրագրողների, լրատվամիջոցների և խմբագիրների, խնդիրն այն է, որպեսզի մենք կարողանանք ապահովել մեր համար տարրական աշխատանքային պայմաններ, որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր աշխատանքը, իրազեկել հանրությանը՝ առանց կորցնելու մեր տեխնիկան, առանց կորցնելու մեր լրագրողներին, առանց հիվանդանոցներ ընկնելու, առանց շարքից դուրս եկած լրագրողներ ունենալու»:

Հատուկ քննչական ծառայությունն այսօր տարածած մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ կատարվում են գործողություններ՝ քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու, լրագրողների ու փաստաբանների աշխատանքը խոչընդոտելու դեպքերով մեղավոր ոստիկանների շրջանակը պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Ըստ ՀՔԾ-ի՝ հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից մինչև հուլիսի 31-ը՝ «Սասնա ծռեր» զինված խմբի զենքերը վայր դնելը, ոստիկանների ոչ օրինական գործողությունների դեպքերով հարուցվել է 6 քրեական գործ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG