Մատչելիության հղումներ

Տավուշի մի շարք համայնքներում ավագանու կին թեկնածուներ են առաջադրվել


Աճարկուտի ավագանու թեկնածու Նարինե Օհանյանը զրուցում է համագյուղացի կանաց հետ, օգոստոս, 2016 թ․
Աճարկուտի ավագանու թեկնածու Նարինե Օհանյանը զրուցում է համագյուղացի կանաց հետ, օգոստոս, 2016 թ․

Տավուշցիներից ոմանք վստահ են՝ կանայք ավելի սրտացավ ղեկավարներ կլինեին:

Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ Էմմա Հակոբյանը սահմանամերձ այս համայնքից առաջադրված ավագանու միակ կին թեկնածուն է։ Կառավարության որոշմամբ Տավուշի միավորված 9 սահմանամերձ համայնքներում սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենալու։Տավուշցիները Նոյեմբերյանի քաղաքապետ ու նաև՝ գյուղերը ներկայացնող 19 ավագանու անդամներ են ընտրելու։ 10 տարի Ոսկեվան գյուղը ղեկավարած Էմմա Հակոբյանն ասում է՝ տեղի բոլոր խնդիրներից տեղյակ է, քանի որ դրանք ամեն օր նաև իր ընտանիքում է հաղթահարում։

«Ես ընտրվել եմ 1992 թվին համայքնի ղեկավար, էն ժամանակ գյուղում ոչ հեռախոս կար, ոչ լուս ու գազ կար, էդ ծանր տարիներն անցել են: Իսկ 1990 թվին խորտնտնեսության տնօրեն եմ եղել, էն ժամանակ ավելի վատ էր՝ պատերազմական վիճակ․․․Ոսկեպարի հատվածում իմ մեքենայի վրա էլ են կրակել, մի խոսքով՝ ծանր տարիներ էին․․․ բայց կարողացել ենք պատվով դուրս գալ, իմ աշխատողների հետ»,- պատմում է Էմմա Հակոբյանը:

Տավուշի Սահմանամերձ գյուղի բնակիչներն ամիսներ առաջ ճանապարհներ փակեցին՝ բողոքելով կառավարության՝ համայնքները միավորելու և խոշորացնելու ծրագրի դեմ։ Այսօր, սակայն, ավագանու ընտրություններին են նախապատրաստվում։ Ստեղծված վիճակը ոսկեվանցի Սերյոժա Ալեքսանյանին խորհրդային տարիներն է հիշեցրել։ «Մեր սովխոզը 6 գյուղ էր, որ մի գյուղում ինչ-որ բան հետ էր մնում, ասենք՝ որևէ աշխատանք, շաբաթօրյակ էին անում, 5-6 գյուղով մի օր գնում էին էդ հետ մնացած գյուղն ու էդ ճյուղը բարձրացնում»,- ասում է Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ այժմ միավորված համայքներում էլ փոխօգնություն կլինի:

Նախկին մանկավարժի կարծիքով՝ Հայաստանի գյուղերին ու քաղաքներին նաև կին ղեկավարներ են պետք։ Համագյուղացիները համամիտ են։ «Կինը, որպես մայր, որպես ընտանիքի անմիջական տեր ու տիրական․․․ նա համայնքում խիստ անհրաժեշտ ա, որովհետև հարցեր կան՝ դաստիարակության հարց, դպրոցի հարց, մանկավարժության հարց, հոգեբանության հարց, որ կինը գուցե ավելի ճիշտ մտածի: Հետո էլ՝ կին թե տղամարդ, եթե նա [կինը] խելացի ա, ընդունակ ա, ինչու՞ չլինի»,- ասում է Սերյոժա Ալեքսանյանը: Գյուղի բնակչուհիներից մեկը հավելում է՝ «Հարմար եմ գտնում, որ ավելի շատ ղեկավար պոստերում կին աշխատող լինի, քան տղամարդ, որովհետև հիմա մեր ղեկավարներից շատերը տղամարդիկ են, բայց․․․ ինձ թվում է՝ կանայք ավելի ուժեղ են»:

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան հանրապետության 490 համայնքներում, հոկտեմբերի 2-ին՝ 340-350-ում։ Տավուշի մեկ այլ գյուղում՝ Աճարկուտում ևս ավագանու կին թեկնածու է առաջադրվել՝ գործող գյուղապետի դուստրը՝ Նարինե Օհանյանը։ Աճարկուտում 30-40 ընտանիք է բնակվում։ Նարինեն գյուղի դպրոցում նաև կենսաբանություն է դասավանդում։ Ասում է՝ բնակիչների հետ ամեն օր են գյուղի խնդիրները քննարկում: «Հիմնականը գազաֆիկացման խնդիրն է»,- ասում է նա:

Աճարկուտում գազի ու ջրի խնդիր կա, ճանապարհներն էլ քանդված են։ Այստեղ մանկապարտեզ չկա, դպրոցում էլ աշակերտներն այնքան քիչ են, որ երեք դասարանները սովորաբար միավորվում են։ Աճարկուտի երեխաներից մի քանիսն էլ հարևան Ծաղկավանի դպրոցն են հաճախում։ Գյուղի բնակիչները հույս ունեն, որ նախաձեռնող կին ղեկավարների միջոցով հնարավոր կլինի բազմաթիվ խնդիրներից գոնե մեկ-երկուսը լուծել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG