Մատչելիության հղումներ

Ծաղկաբերում պատրաստ են ընդվզել, «պարզապես ճակատագրական պահի են սպասում»


Տեսարան Ծաղկաբերից, արխիվ
Տեսարան Ծաղկաբերից, արխիվ

Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղում առօրյա հոգսերով ապրող գյուղացիները ցույցերի ու հավաքների թեև չեն մասնակցում, բայց իրենք էլ կարծում են, որ Հայաստանին իշխանափոխություն պետք է:

«Իշխանափոխություն պետք է, բայց ոչ էդ ձևով [ապստամբությամբ], ես կուզենայի, որ ամբողջ ժողովուրդը կանգներ ոտի, առանց արյունահեղություն, առանց ջարդերի, ուղղակի իշխանափոխություն աներ»,- «Ազատության» հետ զրույցում ասում է ծաղկաբերցիներից մեկն ու անմիջապես էլ հավելում՝ «չնայած տենց բան բացառվում է, պատմության մեջ տենց բան չի եղել»:

Ծաղկաբերի հանրապետական գյուղապետ Արծրուն Սանթրոսյանը մասամբ է համամիտ համագյուղացիների հետ: Ասում է՝թեև երկրի սոցիալ-տնտեսական վիճակն իսկապես բարվոք չէ, բայց, միևնույն ժամանակ, գործող իշխանությանն այլընտրանք չի տեսնում: «Մեր գյուղացիներն ասում են․․․բայց չեն ասում՝ էսօր ո՞վ լինի նախագահը, էսօր խառը, շատ վատ վիճակ ա՝ Ադրբեջանն էս ա պահանջում, գերտերություններն ասում են՝ սենց պիտի լինի, զիջումներ պիտի լինի, էս վիճակից ո՞վ կարա ավելի լավ դուր գա՝ Սեր Սարգսյա՞նը, թե․․․թող իմ գյուղացիներն ասեն՝ոչ, Սերժ Սարգսյանը չէ, այլ էս մարդը: Իրանից լավ ոչ մեկը չի կարա էս վիճակից դուրս գա»,- ասում է գյուղապետը:

Ծաղկաբերում է բնակվում Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված՝ «Սասնա Ծռեր» զինված խմբի անդամներից Արմեն Լամբարյանի քույրը՝ Լուսինե Լամբարյանը: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, թե հպարտ է, որ ինքը «Սասնա Ծուռ»-ի քույր է: «Ես հպարտ եմ, որ ինքն էդ քայլին գնացել ա հանուն ժողովրդի, որովհետև ինքը հերոս ա, ինքը 16 տարեկանից Ղարաբաղում կռվել ա, իհարկե հպարտ եմ»,- ասաց Արմեն Լամբարյանի քույրը: Նրա կարծիքով՝ գյուղացիները պատրաստ են ընդվզել սոցիալական անդարդարության դեմ, պարզապես սպասում են ճակատագրական պահին, որը, ըստ նրա, շատ մոտ է:

Վարկերի տակ կքած ծաղկաբերցիները պատմում են, որ հազիվ են հասցնում մարել բանկերից վերցված վարկերի տոկոսները, մի կերպ օրվա հացի խնդիր են լուծում: «Ազատության» հետ զրույցում նրանք թվարկում էին գուղի՝ անուշադրության մատնված խնդիրներն ու մատնանշում այն դժվարությունները, որոնք ստիպված են ամեն օր հաղթահարել՝ պարզ գոյատևման խնդիր լուծելու համար:

Անգամ հանրապետական գյուղապետն է խոստովանում՝ վերջին մեկ տարվա ընթացքում սոցիալական վատ պայմանների պատճառով 9 ընտանիք գյուղից արտագաղթել է: Ներկայում էլ՝ համայնքի տղամարդկանց մեծամասնությունը, այդ թվում և իր հարազատները, արտագնա աշխատանքի են մեկնել: «Էնդեղ աշխատած փողը որ բերում են էստեղ, անմիջապես վերջանում ա․․․բայց ստիպված են գնալ»,- ասում է գյուղապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG