Կրեմլում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարելով, թե շատ կարևոր է, որ կատարվեն Ղարաբաղյան հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, Հայաստանի նախագահը նկատի է ունեցել մայիսին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան՝ պարզաբանեց փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը:
«Խոսքը գնում էր այն պայմանավորվածությունների մասին, որոնք ձեռք են բերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ: Շատ հստակ նախագահը ասաց, որ խոսքը գնում է 94-95 թվականների եռակողմ, անժամկետ զինադադարի պայմանագրերի վերաբերյալ, երկրորդը՝ հետաքննությունների մեխանիզմի վերաբերյալ և երրորդը՝ [ԵԱՀԿ] գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ», - նշեց փոխարտգործնախարարը:
Մոսկվայում երեկ տեղի ունեցած Սարգսյան-Պուտին հանդիպմանը Հայաստանի նախագահը իր անձնական երախտագիտությունն է հայտնել Պուտինին՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանն ուղղված քաղաքական և դիվանագիտական ջանքերի համար»: Նախագահների հանդիպումը «Ազատության» հետ զրույցում դրական գնահատեց Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով՝ կրկին կարևորվել է, որ հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ստանա, և որևէ պարտադրանք չլինի:
«Իհարկե, դա չի նշանակում շուտափույթ կարգավորում, բայց այնուամենայնիվ սա ցույց է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսլականը, որ չի կարող լինել որևէ պարտադրանք, որևէ ուժային միջամտում և այլն», - նշեց ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Բաբայանը ևս կարծում է, որ Հայաստանի նախագահը պայմանավորվածությունների կատարման պատրաստակամություն հայտնելով՝ նկատի է ունեցել Վիեննայի պայմանավորվածությունները, այլ ոչ թե Ղարաբաղին հարակից տարածքների հանձնումը: Ըստ Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի՝ տարածքների հանձնման հարց հիմա չի կարող լինել:
«Դրա մասին ընդհանրապես որևէ խոսք չի եղել, մենք բոլորս էլ գիտենք, որ դա շահարկում է եղել: Դա միայն ամենավերջում պետք է կարգավորվի», - մեկնաբանեց Բաբայանը:
Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը ԶԼՄ-ների առաջ հայտարարել է, որ այնպիսի հակամարտությունները, ինչպիսին է ղարաբաղյանը, անհնար է լուծել` հղում կատարելով հետևանքների, այլ ոչ թե պատճառների վերացմանը:
Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով, եթե Սարգսյանի այս հայտարարությունը միայն մամուլի համար չի արվել, ապա կարելի է ենթադրել, որ տարածքների հանձնման հարց հայկական կողմը հիմա չի քննարկի: Այդուհանդերձ, քաղաքագետի պնդմամբ՝ սովորաբար նախագահ Սարգսյանի հայտարարություններն ու իրականությունը տարբերվում են, և հատկապես մտահոգիչ է, որ Ղարաբաղի հարցով կարող են որոշումներ կայացվել առանց Հայաստանի մասնակցության:
«Սերժ Սարգսյանի հայտարարությունները, մանավանդ ապրիլյան պատերազմի ժամանակ, մինչև այսօր մենք տեսել ենք՝ բոլորը փուչ էին: Մի բան չի իրականացել: Արդեն ստեղծվել է մի վիճակ, որ քեզանից չեն հարցնում», - ասում է փորձագետը: