Երեկ Մոսկվայում կայացած Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հնչած նախնական հայտարարություններն, ըստ վերլուծաբան Հակոբ Բադալյանի, առավելապես արարողակարգային էին և իրենց մեջ որևէ նոր բան չէին պարունակում։
«Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կարևոր է պայմանավորվածությունները պահել և Հայաստանը պատրաստ է դրանք պահպանել։ Այդ իմաստով, իհարկե, հարց է առաջանում, թե ի՞նչ հայտարարությունների, ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը։ Եթե խոսքը վերաբերում է Վիեննայի պայմանավորվածություններին, ապա դա մի բան է, եթե դա վերաբերում է Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, ապա դրանք, կարծես թե, մի այլ բան էին ենթադրում, համենայն դեպս, հայտարարությունների մակարդակում։ Եվ այս իմաստով, իհարկե հարցեր առաջանում են, թե ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը և ի՞նչն է պատրաստ պահել հայկական կողմը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը։
Վերլուծաբանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը Մոսկվա մեկնելուց առաջ արեց նույն՝ օգոստոսի 1-ի հայտարարությունը։ «Նախագահը հայտարարեց, որ ինքը չի գնա որևէ տարբերակի, որը չի բխում, չի համապատասխանում ժողովրդի շահերին, որին դեմ է ժողովուրդը, և ինքը նույնիսկ պատրաստ է պաշտոնը և անգամ կյանքը զիջել, բայց չի գնա ժողովրդի հավանությանը չարժանացած տարբերակին։ Եթե դատենք այս հայտարարությամբ, ապա կարծում եմ, որ Լավրովի պլանին Երևանը ուղղակի չի կարող համաձայնվել, որը ենթադրում է տարածքների հանձնում՝ անորոշ կարգավիճակի դիմաց, դրա փոխարեն խաղաղապահների տեղակայում, որն ընդհանրապես ավելի բարդացնելու է կոնֆլիկտը, ոչ թե բերելու է խաղաղության և հանգուցալուծման։ Այս առումով, եթե դրա մասին է խոսքը, ապա կարծում եմ, որ հայկական կողմի համաձայնությունը պարզապես կլինի պետական շահի հանձնում ընդամենը, իսկ եթե հայկական կողմը խոսում է հրադադարի պահպանման վերաբերյալ պայմանավորվածությունների մասին, և եթե դրան է վերաբերում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ապա այստեղ իհարկե դրական և ողջունելի է, այդ պայմանավորվածությունները պետք է պահպանվեն, խոսքը վերաբերում է Վիեննայի պայմանավորվածություններին, որոնք ենթադրում են հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ստեղծում», - ասաց Բադալյանը։
Անդրադառնալով Հայաստանում ՀՆԱ-ի աճի վերաբերյալ Պուտինի շնորհավորանքին՝ վերլուծաբանն այն զավեշտալի որակեց։
Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, հիշեցնքն, Վլադիմիր Պուտինը շնորհավորեց Սերժ Սարգսյանին՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո երկրի «ՀՆԱ-ի`10 տոկոսով աճի կապակցությամբ»: Ռուսաստանի ղեկավարը նաև հայտարարեց, թե «Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում»:
«Պուտինի մատնանշած էդ տասը տոկոս ՀՆԱ-ի աճը, ես կարծում եմ, որ ավելի շատ զավեշտալի է, և եթե այդտեղ հեգնանք չկա Հայաստանի հասցեին, ապա ընդամենը խոսք է՝ ասելու համար, տնտեսական ինչ-որ էֆեկտի մասին տպավորություն թողնելու համար, որովհետև, ի վերջ, հայ գործարարներից կարելի է հարցներ և հայ գործարարները բազմաթիվ անգամներ արտահայտվել են այն մասին, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցումը բացի տնտեսական խնդիրներից, ուրիշ որևէ խնդրի չի հանգեցրել, ուրիշ որևէ էֆեկտի չի հանգեցրել, և, այս առումով, տնտեսական պատկերն է առավել խոսուն, քան թղթային ցուցանիշները, որոնց մասին խոսում է Պուտինը», - «Ազատության» հետ զրույցում ասաց վերլուծաբանը։
Բադալյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները բացարձակապես հեռացել են միջպետական բնույթից։
«Հայ-ռուսական հարաբերությունները, եթե համեմատում ենք Ադրբեջանի հետ, ոչ միայն տնտեսական առումով, այլև նույն ռազմատեխնիկական առումով մենք տեսնում ենք, որ 200 միլիոն դոլարի վարկի ծրագիրն անորոշ է ռուսական դեպքում, թեկուզ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, բայց փոխարենն Անդրբեջանի հետ այդ միլիարդավոր դոլարների ռազմատեխնիկական գործակցություն իրականացվում է ժամացույցի ճշգրտությամբ և սա էլ ինքնին խոսուն փաստ է, խոսուն վկայություն է։ Սա հերթական անգամ ապացուցում է, որ հայ-ռուսական հարաբերությունները բացարձակապես հեռացելեն միջպետական բնույթից, և այստեղ առաջնային պատասխանատվությունը Հայաստանի իշխանության քաղաքականության վրա է. իշխող համակարգի երկու տասնամյակի քաղաքականության շնորհիվ ռազմավարական գրեթե բոլոր հզորությունները դրվեցին Ռուսաստանի տրամադրության տակ, որոնք ի վերջո բերեցին ոչ միայն այդ հզորություններում ճգնաժամային իրավիճակի, այլ ընդհանրապես ճգնաժամ առաջացրին հայ-ռուսական միջպետական հարաբերություններում», - ասաց վերլուծաբանը։