Իրավապահ մարմինները «պետք է խուսափեն ուժի կիրառումից կամ, երբ դա հնարավոր չէ, նվազագույնի հասցնեն դրա կիրառումը՝ ներառյալ անօրինական, բայց խաղաղ հավաքների դեպքում»,- հայտարարել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։
«Ազատության» հարցմանը, թե ինչպե՞ս կգնահատեն Երևանի Սարի թաղում հուլիսի 29-ի ուշ երեկոյան ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառումը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակն իր պատասխան-նամակում նշել է՝ «Սարի թաղում հուլիսի 29-ի գիշերը ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման մեղադրանքները պետք է լիարժեք հետաքննվեն»։
Վկայակոչելով ԵԱՀԿ Ժողովրդավարական ոստիկանության ուղեցույց-ձեռնարկը, միջազգային հեղինակավոր կառույցը հավելել է՝ «Այն դեպքում, երբ ուժի կիրառումն ավելին է, քան պետք է այդ հանգամանքներում, իրավապահները պետք է ենթարկվեն քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության, ինչպես նաև կարգապահական պատժամիջոցի: Համապատասխան իրավապահ մարմնի անձնակազմը ևս պետք է ենթարկվի պատասխանատվության, եթե չի միջամտել այն դեպքերում, երբ նմանատիպ միջամտությունը կարող էր կանխել այլ աշխատակիցների կողմից անհամաչափ ուժի կիրառումը»:
Կազմակերպությունն այժմ սպասում է Սարի թաղի դեպքերի շուրջ իրավապահ մարմինների կողմից նախաձեռնված հետաքննության արդյունքներին։ «Չափազանց կարևոր է, որպեսզի ուժի անհամաչափ կիրառման, ինչպես նաև չհիմնավորված կամ խտրական ձերբակալությունների վերաբերյալ մեղադրանքները ենթարկվեն անաչառ, լիարժեք և անհապաղ հետաքննության և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության», - նաև ասված է «Ազատությանն» ուղղված՝ ԵԱՀԿ-ի գրասենյակի գրավոր պատասխանում:
Հուլիսի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը Սարի թաղում և Խորենացի փողոցում հատուկ միջոցներ կիրառեց Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին աջակցող ցույցի մասնակիցների նկատմամբ: Ի հետևանք, տասնյակ մարդիկ վիրավորվոցին, բազմաթիվ ցուցարարներ բերման ենթարկվեցին, վնասվեցին տներ։ Հարձակման ենթարկվեցին և տուժեցին նաև իրադարձությունները լուսաբանող լրագրողները:
Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդեց, որ Սարի թաղին դեպքերի ժամանակ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու կասկածանքով այսօր ձերբակալվել են երկու քաղաքացիներ։
Լրագրողներին ծեծելու և նրանց խոչընդոտելու միջադեպով հարուցվել է քրեական գործ հետևյալ հոդվածներով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելը, բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը և լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։ Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ, Սարի թաղի գործողությունց տուժել է 20 լրագրող։
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, վկայակոչելով ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին, նշում է, որ լուսաբանումը կանխելու նպատակով լրագրողների սարքավորումներն առգրավելու, վնասելու կամ ջարդելու փորձը քրեական հանցանք է, և մեղավորները պետք է օրենքին համապատասխան ենթարկվեն պատասխանատվության:
«Գրասենյակը պատրաստակամ է շարունակել Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ աշխատանքն այս ոլորտներում»,- ասված է ԵԱՀԿ գրասենյակի պատասխանում: