Մատչելիության հղումներ

Ալեք Ենիգոմշյանն ազատ արձակվեց


Այսօր Արմավիր քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը։ Դատախազի որոշմամբ նրա խափանման միջոցը՝ կալանավորումը, վերացվեց՝ պատճառաբանությամբ, որ կալանքի տակ պահելու անհրաժեշտություն այլևս չկա և որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

Ենիգոմշյանի պնդմամբ, իրեն կալանավայրում պահելով ամեն օր խախտում էին իր իրավունքները․ - «Բազմաթիվ օրինախախտումներ են կատարվել, որոնց կապակցությամբ իմ պաշտպանը բազմաթիվ բողոքներ է ներկայացրել, և այդ բողոքներին ողջամիտ պատասխան չգտնելով, իմ կարծիքով, այսօր կայացրին իմ խափանման միջոցը փոխելու որոշում»։

Իրեն առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու վերաբերյալ՝ Ենիգոմշյանն անհեթեթ է համարում՝ մանրամասնելով, թե օժանդակել ասելով քննիչները նկատի ունեն այն, որ ինքը կայուն կապ է պահել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի հետ, տեղեկացրել է ընթացող բանակցությունների մասին, ցուցարարներին հրահրել է անկարգությունների: Ենիգոմշյանը նկատում է՝ ճգնաժամի փուլերից մեկում ինքը բանակցող է եղել և բնական է, որ կապ է պահել ինչպես «Սասնա ծռերի» տղաների, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Ծիծաղելի և անհեթեթ են, ըստ Ենիգոմշյանի, նաև անկարգություններ հրահրելու մեղադրանքն այն դեպքում, երբ ինքը ամեն կերպ փորձում էր հանդարտեցնել իրավիճակը:

«Այդ մեղադրականը իմ դեմ ուղղված՝ և՛ ինձ ձերբակալելու, և՛ կալանավորելու, բովանդակային իմաստով երկուսն էլ լրիվ անհիմն են։ Քանի որ այդ ընթացակարգային որոշումներն անօրինական էին, կամ պետք է դրանք հիմնավորվեին, կամ պետք է դատախազի այսօրվա որոշումը կայացվեր», - ասաց Ենիգոմշյանը։

Ըստ Ենիգոմշյանի՝ քաղաքական և հասարակական գործիչների ձերբակալությունները քաղաքական հալածանքներ են․ - «Կալանքները իրականացնելու իսկական նպատակը եղել է այն, որ փողոցում քաղաքացիական անհնազանդության, քաղաքական պայքարի, բողոքների այդ շարժումը չունենա կազմակերպիչներ»։

Ենիգոմշյանի խոսքով, չնայած հանրահավաքները համակարգող խորհրդի անդամների մեծ մասն այժմ ճաղերի հետևում են, սակայն պայքարը շարունակվելու է, որովհետև եթե երկրում փոփոխություններ չլինեն, ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանը ի վիճակի չի լինի դիմակայել սպառնալիքներին։

Ենիգոմշյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց՝ ուղիղ եթերով Ենիգոմշյանի հայտարարությունները քննչական մարմինները թող ընդունեն որպես ցուցմունք, այլևս իր պաշտպանյալը ցուցումունք չի տա․ - «Այլևս մենք էլ ցուցմունք չենք տա, որովհետև մենք 10 օր շարունակ խնդրել ենք, որ գա քննիչը՝ ցուցմունք վերցնի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG