Մատչելիության հղումներ

Փորձագետների կարծիքով՝ ոստիկանությունն իրավապահ մարմնից վերածվել է իշխանապահ մարմնի


Փորձագետ Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավոր հենարանն իշխանության մեջ դառնում է իրավապահ համակարգը։

«Սերժ Սարգսյանի օգոստոսի 1-ի ելույթն առաջին հերթին միտված էր ցույց տալու, որ նախագահը վերահսկում և կառավարում է իրավիճակը, և երկրորդը՝ բավական ակնհայտ խրախուսանք էր իրավապահ համակարգին։ Ես կարծում եմ, որ դա պայմանավորված էր նրանով, որ Սերժ Սարգսյանի գլխավոր հենարանը իշխանության մեջ ներկայումս դառնում է իրավապահ համակարգը։ Դա պայմանավորված է, իմ գնահատմամբ, իշխանության ներսում առկա բաժանարար գծերի բավարար խորացմամբ, ինչը պայմանավորված է ոչ միայն հենց հուլիսի 17-ից ստեղծված վիճակով, դա տարիներ շարունակ խորացող վիճակ էր», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց փորձագետը։

Հայաստանի իշխանությանը միավորող չակերտավոր գաղափարը եղել է փողը՝ կապիտալը և անվտանգությունը, հայտարարեց Հակոբ Բադալյանը՝ շարունակելով, որ երկու առումով էլ վերջին տարիներին բավական մեծ են մարտահրավերները և բավական սուղ են ռեսուրսները, որոնք էլ, ըստ փորձագետի, իշխանության ներսում առաջացնում են այդ բաժանարար գծերը։

«Հուլիսի 17-ին տեղի ունեցավ գրեթե ճակատագրական ճեղքում, ճակատագրական խոցում՝ անվտանգության առումով, ինչը, բնականաբար, իշխանության ներսում առաջացնում է էլ ավելի մեծ կոնֆլիկտային իրավիճակներ, և այս պայմաններում Սերժ Սարգսյանի համար հենարանը դառնալու է իրավապահ համակարգը, և օգոստոսի 1-ի ելույթը հիմնականում խրախուսում էր հենց այդ համակարգը, և նաև դա ցույց է տալիս ոստիկանության գործողությունները՝ էդ ռեպրեսիվ մեթոդների շարունակությունը, որ տեղի է ունենում մինչև այսօր», - ասաց փորձագետը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը դրանով փորձում է ոչ միայն հասարակության լարվածությունը կամ ակտիվությունը նվազեցնել, այլև զուգահեռ իշխանության ներսում հնարավոր այդ կոնֆլիկտային իրավիճակները գոնե սառեցնել։

«Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը, հիշեցնենք, շուրջ 15 օր ոստիկանության պարեկապահակայնի ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին վայր դրեց զենքն ու հանձնվեց իշխանություններին։ Հաջորդ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր նստավայրում հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց իրավապահներին՝ գրագետ աշխատանքի, սառնասրտության ու մեծահոգության համար, սակայն որևէ կերպ չանդրադարձավ ոստիկանական բռնությունների ու ստորացումների, քաղաքական հետապնդումների, անհամաչափ ուժի կիրառման մասին հարյուրավոր ահազանգերին: Միակ բացառությունը լրագրողներն էին, որոնցից Սերժ Սարգսյանը ներողություն խնդրեց Սարի թաղի դեպքերի համար՝ դա որակելով «իշխանությունների ամենաէական բացթողումը» այս օրերի ընթացքում․ - «Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին, քանի որ իրոք վստահ եմ, որ այլևս նման բան չի կրկնվելու»:

Փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ շատ ավելի գործնական ուղերձ կլիներ հասարակությանը, եթե նախագահի ելույթի փոխարեն անցած մի քանի օրերի ընթացքում կալանավորվեին այն մարդիկ, որոնք բռնություն են կիրառել լրագրողների նկատմամբ։

«Դա շատ ավելի գործնական ուղերձ կլիներ հասարակությանը և արժեք կունենար, և դա կապացուցեր հասարակությանը ինչ-որ բան բարեփոխելու՝ նախագահի ցանկությունը։ Մնացած ելույթներն իրենցից ոչ մի արժեք չեն ներկայացնում, դրանց արդեն լուրջ չեն ընդունում», - ասաց փորձագետը՝ նշելով, որ այդ ելույթներն արդեն արժեք չեն ներկայացնում ո՛չ Արևմուտքի և ո՛չ էլ անգամ Ռուսաստանի համար։

«Ուղղակի դա ելույթ էր ելույթի համար և իր պատկերացումներն են` ստեղծված իրավիճակի վերաբերյալ, շնորհակալությունը ոստիկանությանը, որն արդեն այսօր իրավապահ մարմնից վերածվել է իշխանապահ մարմնի և միակ գործառույթը մնում է իշխանության պահպանությունը, ընդամենը դա էր՝ իր շնորհակալությունը իշխանապահ այդ մարմնին», - ասաց Արմեն Բադալյանը։

XS
SM
MD
LG