Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական այսօրվա նիստին տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներից Արթուր Սաքունցը միջնորդեց, որ մեղադրյալ Վալերի Պերմյակովի մասնակցությամբ փորձարարություն անցկացվի հենց սպանված Ավետիսյանների տանը: Դրա անհրաժեշտությունը նա բացատարեց հանգամանքով, որ ռուսական կողմը Պերմյակովի մասնակցությամբ փորձարարությունն անցկացրել էր ռազմաբազայի տարածքում, ոչ թե հանցագործության վայրում:
Արթուր Սաքունցը նույն միջնորդության 2-րդ կետով էլ պահանջում էր, որպեսզի փորձաքննություն անցկացվի նաև Ավետիսյանների տանն արձակված 28 կրակոցների ձայնի «լսվել- չլսվելու հարցով»: Այս միջնորդությանը տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներից ոմանք միացան, ոմանք էլ որոշեցին, որ այն ենթակա է մերժման:
Գործող կարգի համաձայն՝ փորձարարություն անցկացնելու հարցում վճռորոշը հենց Պերմյակովի ցանկությունն է՝ եթե նա չցանկանա, ապա փորձարարություն չի անցկացվի: Տուժողի իրավահաջորդները հարցերի միջոցով փորձեցին պարզել, թե ինչու՞ ռուսական կողմի փորձարարությանը նա համաձայնել է, իսկ հիմա չի համաձայնում: Վերջինս ասաց՝ չի հիշում, չի կարող ու չի ցանկանում: Դատարանն էլ մերժեց միջնորդությունը: