Մատչելիության հղումներ

Բախշյան․ Այս կերպ ընտրություններից առաջ հետապնդում են ընդդիմադիր «Ժառանգությանը»


Անահիտ Բախշյան, արխիվ
Անահիտ Բախշյան, արխիվ

«Ժառանգության» և «Նոր Հայաստանի» կալանված անդամների անմեղությունը հավաստող «տասնյակ տեսանյութեր կան», մինչդեռ չկա հակառակը փաստող ոչ մի ապացույց, բացի ոստիկանների ցուցմունքներից, տարակուսում են փաստաբանները:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մտահոգ էր, արդեն մի քանի օր է՝ մտքում իր կալանավորված կուսակիցներն են և մի հարց՝ «Բանտարկել եք, որ ի՞նչ․․․ իր նման հարցը տամ»:

Մի քանի օր առաջ դատարանը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանին և կուսակցության նախկին խոսնակ Հովսեփ Խուրշուդյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Կալանավորվեց նաև «Նոր Հայաստան» շարժման անդամ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը։ Նրանք մեղադրվում են հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

Անահիտ Բախշյանը վստահ է՝ ընտրություններից առաջ այս կերպ իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր «Ժառանգությանը»։ Նրա խոսքով, նաև խաթարվել են Երևանի ավագանիում «Բարև Երևան» խմբակցության աշխատանքները, քանի որ կալանավորված Դավիթ Սանասարյանը և Արմեն Մարտիրոսյանը փոքրաթիվ խմբակցության ակտիվ անդամներից են։ «Սա քաղաքական հետապնդման աննախադեպ աստիճան է Հայաստանում, որի արդյունքում, մասնավորապես, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը պարալիզացվել է»,- ասում է Բախշյանը:

Ի պաշտպանություն կալանավորված ավագանու անդամների, Անահիտ Բախշյանն ավագանու մյուս խմբակցություններին առաջարկել է՝ միանալ նրանց աջակցելու ստորագրահավաքին։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 4 անդամներ միացել են, Հանրապետականից խոստացել են պատասխանել, բայց դեռ արձագանք չկա։ «Եթե նրանցից [հանրապետականներից] մեկի նկատմամբ ինչ-որ անօրինություն լինի, ես խոստանում եմ՝ կանգնել նրանց կողքին: Իսկ էսօր իրենք ձայն չեն հանում»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Դավիթ Սանասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանն էլ նեղսրտում է՝ աշխատել չի ստացվում, քանի որ գործը, նրա խոսքով, իրավաբանության հետ կապ չունի, «քաղաքական որոշում է»։ Բազմաթիվ ապացույցներ՝ տեսանյութեր են ներկայացրել դատարան, որոնցում կալանավորվածները ոչ թե բռնության, այլ հանգստության կոչեր են անում, բայց մի քանի ոստիկանների ցուցմունքների հիման վրա նրանց կալանավորել են։ «Այդքան տեսնյութեր կան, տասնյակ լրատվամիջոցներ, նույնիսկ ուղիղ եթերով, դրանք ցույց են տվել, մի տեսանյութ չկա՞ր, որտեղ կփաստվեր, որ այս մարդիկ բռնության կոչեր էին անում, զանգվածային անկարգություններ էին հրահրում: Դե դա էլ ներկայացրեք․․․գոյություն չունի նման բան»,-տարակուսում է փաստաբանը:

Անահիտ Բախշյանն ապշած է կուսակիցներին ներկայացված մեղադրանքներից, չի հասկանում, թե, օրինակ՝ մարտի 1-ին ոստիկանի կյանք փրկած Արմեն Մարտիրոսյանին ինչպե՞ս կարող են մեղադրել և ասել, որ ոստիկանների վրա հարձակվելու կոչ է արել: «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հենց ոստիկանությունն է զանգվածային անկարգությունների կազմակերպիչը»,- այսօր հայտարարեց Անահիտ Բախշյանը:

Առաջիկա ժամերին փաստաբանները մտադիր են բողոքարկել կալանավորման մասին որոշումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG