Ոստիկանությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ Ազատության հրապարակից երեկ տեղի ունեցած երթից հետո բերման են ենթարկվել ու ավելի ուշ ազատ արձակվել 27 քաղաքացիներ:
Ոստիկանությունից փոխանցեցին նաև, որ արձանագրություն է կազմվել հավաքի մասնակիցների կողմից սահմանված պարտականությունները չկատարելու վերաբերյալ, ինչը, ըստ օրենքի՝ նախատեսում է տուգանք 50-200 հազար դրամի չափով: Ոստիկանությունը, սակայն, չի պարզաբանում, թե քաղաքացիների ո՛ր գործողություններն են եղել սահմանված շրջանակներից դուրս:
Կալանավորված «Սասնա ծռեր» զինված խմբի աջակիցների երեկվա երթն անցավ առանց միջադեպերի. ոստիկաններն ուղեկցում էին միայն մեքենաներով, նրանք չմիջամտեցին նույնիսկ այն ժամանակ, երբ երթի մասնակիցները մի քանի անգամ կանգնեցրին Աբովյան փողոցի և Մաշտոցի պողոտայի երթևեկությունը:
Երբ երթը վերադարձել էր Ազատության հրապարակ, և մասնակիցների մեծ մասն արդեն հեռացել էր, անակնկալ հրապարակ մտան կարմիրբերետավոր ոստիկաններ ու առանց որևէ հիմնավորում ներկայացնելու, սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին, ընդ որում՝ նաև հարակից սրճարաններից:
Բերման ենթարկվողներից մի քանիսը «Ազատության» հարցին ի պատասխան պնդում էին, որ իրենք երթին չեն էլ մասնակցել:
Երկու անգամ ոստիկանները փորձեցին բերման ենթարկել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողին, և միայն մի քանի անգամ լրագրողի վկայականը ստուգելուց հետո ներողություն խնդրելով ազատեցին նրան:
Հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի մոտ պատանդի կարգավիճակում գտնված Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը չէր պարզաբանում, թե ինչու են քաղաքացիներին անակնկալ կերպով բերման ենթարկում: Ընդամենը ասաց․ - «Դիմեք 02 լրատվական, ձեզ կպատասխանեն»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը պարտավոր է հիմնավորել, թե բերման ենթարկվածներից յուրաքանչյուրն ինչ կերպով է հավաքներ անցկացնելու կարգը խախտել:
Վարչական իրավախախտումների օրենսգրքից մեկ ընդհանուր հոդվածով բոլորին բերման ենթարկելը, ըստ Սաքունցի՝ միայն բողոքի միջոցառումները կասեցնելու նպատակ ունի․ - «Ոստիկանությունը, եթե հղում է կատարում, որ երթի ժամանակ է կատարել, ապա պետք է էդ գործողությունը՝ անձի նկատմամբ վարչական բերման գործողությունը կատարես հենց հավաքի ընթացքում, որովհետև ինքը պարտականություն ունի ապահովելու խաղաղ երթի ընթացքը: Բայց երբ որ, ասենք, երթն ավարտվել է, և Ազատության հրապարակից էդպես զանգվածային նորից մոտենում են և առանց կոնկրետացնելու, ընդհանրական նման ձևակերպման հիման վրա վարչական բերման են ենթարկում, դա նշանակում է, որ իրենք որևէ հիմք չունեն կոնկրետ անձին բերման ենթարկելու: Նման հիմնավորումների բացակայության պայմաններում հերթական անգամ գործ ունենք ոստիկանության կողմից զանգվածային ապօրինությունների փաստի հետ»:
Հուլիսի 31-ին «Սասնա ծռեր զինված» խմբի՝ զենքը վայր դնելուց հետո, երեկվա հավաքն առաջինն էր, որ ավարտվեց բերման ենթարկումներով: