Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ժամանակացույցը, որի համաձայն կանցկացվեն ՏԻՄ ընտրությունները Գյումրիում և Վանաձորում:
Կուսակցությունների առաջադրումը կսկսվի օգոստոսի 18-ից, իսկ ավագանու ընտրությունները Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքներում տեղի կունենան հոկտեմբերի 2-ին: Թե քանի կուսակցություն ու դաշինք կմասնակցի ՏԻՄ ընտրություններին, պարզ կդառնա սեպտեմբերի 2-ին, երբ կլրանա գրանցման վերջնաժամկետը: Սեպտեմբերի 9-ից 30-ն էլ կընթանա նախընտրական քարոզարշավը:
Ընտրական նոր օրենսգիրքը ՏԻՄ այս ընտրություններում չի կիրառվի:
«Մենք, փաստորեն, ընտրությունների գնում ենք նոր կարգով՝ առաջադրման մասով, այսինքն՝ ընտրում ենք ավագանի ըստ կուսակցությունների, բայց գործառույթները ընտրատարածքային և տեղամասային հանձնաժողովի կողմից իրականացվելու է նախորդ Ընտրական օրենսգրքի պահանջներով՝ հին կարգով», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը:
Գյումրիի գործող ավագանու անդամներից Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ այս կարգը ամենևին էլ չի բացառում այն, որ օրինակ, թաղային հեղինակությունները կրկին հայտնվեն ավագանու կազմում: Նրա կանխատեսմամբ՝ հատկապես թեժ պայքար կլինի Հանրապետականի համամասնական ցուցակում տեղերի համար:
«Հիմա արդեն պարզ է, որ գործող քաղաքապետը ջանալու է, որ իր հավատարիմ մարդկանցից՝ լինեն դրանք իր մերձավորները կամ գործող ավագանու անդամներից մի քանիսը, անպայման ինքը պիտի ուզենա, որ լինի Հանրապետականի ցուցակում: Հանրապետականը, քանի դեռ [Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել] Բալասանյանը հանրապետական չէ, կամենալու է, որ Բալասանյանին որպես զսպող ուժ այդ ցուցակում կեսից ավելիի չափով մնա հանրապետական, որպեսզի պետք եղած ժամանակ Բալասանյանին ասի՝ գիտեք՝ մենք ենք քեզ քաղաքապետ ընտրել», - կարծիք հայտնեց Բարսեղյանը:
Գյումրիում կայանալիք ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտնել է քաղաքական ուժերի մեծամասնությունը, այդ թվում և նորաստեղծ «Գալա» կուսակցությունը: