Մատչելիության հղումներ

«Լոլիկը կա, մթերող չկա»


Սարդարապատցիներն այսօր առավոտյան փակել էին գյուղից Արմավիր տանող ճանապարհն ու պահանջում էին մթերել տոննաներով լոլիկը։ Նրանց միացել էին նաև հարևան Բամբակաշատ, Այգեվան, Արաքս ու Լենուղի գյուղերի բնակիչները։

Արմավիրցիների խոսքով, գործարանները թեև խոստացել, սակայն հիմա հրաժարվում են բերքը գնել։

«Ասել են՝ անսահմանափակ լոլիկը մթերելու ենք: Էս ա․․․ մնացել ա: Տրաքում ա քոլերը, չգիտենք ինչ անենք: Գործարանը չի վերցնում, շուկայում չես կարա էս քանակության մթերես կամ վաճառես․․․ Լոլիկը կա, մթերող չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց հավաքվածներից մեկը:

Արմավիրցիները մարզպետի, Գյուղատնտեսության փոխնախարարի ու ոստիկանների հորդորներից հետո են միայն ճանապարհը բացել։ Նրանց խոսքով, այս ծայրահեղ քայլից հետո իրենց մոտ եկած գործարանատերերից մեկը խոստացել է կիլոգրամը 40, մյուսը՝ 30 դրամով մթերել՝ սակայն պայմանով, որ գումարը կվճարի դեկտեմբերին։

Արմավիրցիները զայրանում են, ասում են, որ չեն ուզում խաղողի օրինակով լոլիկի գումարին էլ ամիսներ շարունակ սպասել․ - «Լույսը ինչո՞վ փակենք, ջուրը ինչո՞վ փակենք, գազը ինչո՞վ փակենք։ Պայմանագիր չեն կապում: Օդի մեջ: Խոստացել են, թե մի տաս օրվա ընթացքում կըլի: Ինչքանո՞վ ա ճիշտ․․․ տաս օրը լրանա, նոր կերևա»:

«Մինչև առ էսօր խոսք չկար ընդունման: Էսօր ասե, որ ամսի 15-ից հետո կընդունենք: Մինչև ամսի 15-ն էլ մեր էդ լոլիկը կդառնա մոխիր, ո՛չ իրան պետք կգա, ո՛չ էլ մեզի պետք կգա: Մենք դրա համար արդեն դաշտերից հիասթափվել ենք: 30 դրամով բանվորի ծախսը չի հանի․ մեքենան ա, բանվորն ա, էդ բանվորին հաց տալ ա․․․ Չի հանի ծախսը»:

Գյուղացիների խոսքով, գործարաններն իրենց բերքը չեն վերցնում Իրանից ներկրված էժան հումքի պատճառով։ Դժգոհում են, թե ոլորտը ոչ մի ձևով չի վերահսկվում:

Արմավիրցիները հուսահատ են՝ բազմաթիվ վարկեր ու պարտքեր ունեն ու դրանք չմարելու համար արդեն դատարան են կանչվում։

Սարդարապատցիներն առաջիկայում էլ պատրաստվում են ճանապարհ փակել, եթե կառավարությունից ու Գյուղատնտեսության նախարարությունից հստակ պատասխան չստանան․ - «Սենյակներում նստած, հովի տակ․․․ Ի՞նչ ա արածները, չգիտեմ: Թող օրինագծեր մշակեն, մարդկանց աջակցեն: Էդ հարցերը իրանց ա տված, մեզի տված ա ապրանք մշակենք, ապրանքը մշակում ենք: Էդ ապրանքն էլ փողի չենք կարում վերածենք»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG