Մատչելիության հղումներ

Թուրքիան կրկին ԱՄՆ-ի իշխանություններից պահանջում է արտահանձնել Գյուլենին


Ֆեթուլահ Գյուլեն
Ֆեթուլահ Գյուլեն

Պաշտոնական Անկարան կրկին դիմել է ԱՄՆ-ի իշխանություններին` պահանջելով Թուրքիային արտահանձնել Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենին:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը այսօր հայտնել է, որ ամերիկյան իշխանություններին ուղարկված նոր հայցով հիմնավորվում է Գյուլենին ձերբակալելու և արտահանձնելու իրենց պահանջը:

«Հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցությանը վերաբերող լուրջ փաստեր կան: Այդ պատճառով անհրաժեշտ է նրան անհապաղ ձերբակալել: Հետախուզական տվյալներ ունենք, որ նա կարող է փախչել երրորդ երկիր», - նշել է նախարար Բոզդաղը:

Թուրք նախարարի խոսքով՝ Գյուլենի արտահանձնման մասին դրական որոշումը կհամապատասխաներ Թուրքիայի և ԱՄՆ-ի բարեկամական հարաբերությունների ոգուն: Նա հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների որոշումը կլինի Թուրքիայի օգտին և Գյուլենը «արդարադատության առաջ կկանգնի»:

Բոզդաղը նաև նշել է, որ Գյուլենի արտահանձնման պահանջը բարձրաձայնելու է ԱՄՆ կատարելիք առաջիկա այցի և հանդիպումների ժամանակ:

Ազդեցիկ իսլամական գործչի արտահանձնման խնդրին նախօրեին անդրադարձել է նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ԱՄՆ-ի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդի հետ հանդիպման ժամանակ: Յըլդըրըմը կրկնել է Թուրքիայի սպասումները «ԱՄՆ-ում բնակվող ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի և այդ կառույցի անդամների անհապաղ արտահանձնման հարցում»:

Մինչդեռ ամերիկյան իշխանությունները առայժմ չեն պատրաստվում բավարարել Թուրքիայի պահանջը: ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին շաբաթ օրը հայտարարել էր, որ իրենք ստացել են և ուսումնասիրում են թուրքական իշխանությունների ուղարկած համապատասխան փաստաթղթերը: Նշելով, որ Գյուլենի արտահանձնման հարցում առայժմ զարգացում չկա, Քըրբին հավաստիացրել է` գործընթացը իրականացվելու է օրենքի շրջանակներում:

Հուլիսի 15-ին Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձից անմիջապես հետո թուրքական իշխանությունները նախագահի և վարչապետի մակարդակով հայտարարեցին, որ հենց Ֆեթուլահ Գյուլենն է կանգնած այդ նախաձեռնության հետևում: Ինքը՝ Գյուլենը, կտրականապես հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները: Թուրքական Hurriyet-ը գրում է, որ անցած շաբաթ ամերիկյան The New York Times-ը հրապարակել է իսլամական գործչի հեղինակած հոդվածը, որտեղ նա ԱՄՆ-ի ղեկավարությանը կոչ է անում չարտահանձնել իրեն:

«ԱՄՆ-ի նախագահը պետք է տեղի չտա Թայիփ Էրդողանի պահանջին: Թուրքիա ուղարկվելու պարագայում արդար դատի չեմ արժանանալու», - պնդել է Գյուլենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG