Մատչելիության հղումներ

Բռնության ենթարկված լրագրողները նախագահից իրավական քայլեր են ակնկալում


Ա1+ -ի լրագրող Ռոբերտ Անանյանը
Ա1+ -ի լրագրող Ռոբերտ Անանյանը

Սարի թաղում հուլիսի 29-ի երթի ժամանակ ծեծից ու ոստիկանական հատուկ միջոցներից տուժած լրագրողները իրենց հետ տեղի ունեցածը չեն մոռացել, իսկ երկրի նախագահից ոչ թե ներողություն էին ակնկալում, այլ իրավական քայլեր:

Ա1+ -ի լրագրող Ռոբերտ Անանյանը լուսաձայնային նռնակի պայթյունի հետևանքով ոտքերի և ձեռքի բեկորային վնասվածքներ է ստացել: Արդեն 5 օր հիվանդանոցում գտնվող լրագրողը դեռ անվասայլակով է տեղաշարժվում, և իր ձևակերպմամբ՝ հուզական հայտարարությունների կարիք չունի․ - «Ինձ ոչինչ չեն ասում այդ հուզական գնահատականները և խոստումները ապագայի վերաբերյալ: Տարիներ շարունակ ես և իմ լրագրող գործընկերները տեսնում ենք, որ բազմաթիվ են դեպքերը, երբ որ մեր գործընկերները բռնությունների են ենթարկվում, և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում: Ես կակնկալեի, որ Սերժ Սարգսյանը երաշխիքներ էդտեղ տար և իմ մյուս գործընկերներին, որ «ձեր նկատմամբ բռնությունների իրականացնողները՝ այն դեպքում, երբ բազմաթիվ են տեսանյութերը, հայտնի է, թե ովքեր են դրանք իրականացրել, պատժվելու են»: Եվ այդ դեպքում Սերժ Սարգսյանի ներողությունը կլիներ ավելորդ»:

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված խմբի հանձնվելուց հետո, անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ ներողություն էր հայցել տուժած լրագրողներից՝ հավելելով․ - «Սա մեր ամենաէական բացթողումն էր այս օրերի ընթացքում: Բոլոր հետևությունները, անշուշտ, արվելու են: Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին, քանի որ իրոք վստահ եմ, որ այլևս նման բան չի կրկնվելու»:

Lragir.am կայքի օպերատոր Մարութ Վանյանը հուլիսի 29-ին Սարի թաղի հավաքի ժամանակ գտնվել է քաղաքացիների և ոստիկանների միջև, երբ ոստիկանական շարքերի հետևից նրան մոտեցել են շուրջ մեկ տասնյակ քաղաքացիական հագուստով անձինք և փայտյա մահակներով դաժան ծեծի ենթարկել՝ պոկելով լրագրողի վկայականն ու խլելով տեսախցիկը:

«Անկանոն խփում էին, րյուկզակով պահել եմ դեմքս, բայց ոտերիս խփել են: Երեսս որ պահել եմ, ձեռքերիս ա հարվածները հասել․․․ Ես ի սկզբանե ցույց տվեցի բեյջս, ասեցի լրագրող եմ, բայց քաշեցին-պոկեցին բեյջը: 7-10 հոգի կանգնած էին ու բոլորը միաժամանակ հարվածներ էին հասցնում», - պատմեց Վանյանը:

Չնայած նախագահի կոչին՝ լրագրողը, որ արդեն տուժող է ճանաչվել, դեռ իր հետ տեղի ունեցածը չի մոռացել: Վերքերը թարմ են, տեղաշարժվում է միայն հենակների օգնությամբ․ - «Ո՞նց կարաս մոռանաս: Անգամ եթե ցանկանաս էլ, ուղղակի չես կարա մոռանաս»:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանի տպավորությամբ՝ նախագահի ելույթը կապ չունի մեր իրականության հետ: Ըստ նրա, հիմա ոչ թե բարոյականության ոլորտից եկող խոսքեր են պետք, այլ իրավական գնահատականներ: Այդուհանդերձ, նկատի ունենալով անցյալի փորձը, մեդիափորձագետը հույս չունի, թե նախագահի ելույթից հետո այլևս լրագրողների դեմ բռնություններ չեն լինելու:

«Այն ամենը, ինչ որ կատարվել է, բոլոր բռնությունները, որոնք լրագրողների դեմ կատարվում են, դա ուղղակի ընդհանուր քաղաքական իրավիճակի շարունակությունն է, և ամբողջ այդ համակարգի, որը գործում է մեզ մոտ: Այդ համակարգը իր մեջ դատարանն է ներառում, այդ համակարգը իր մեջ ներառում է լրագրողների նկատմամբ վերաբերմունքը ոչ միայն հասարակության կողմից, այլ առաջին հերթին իշխանավորների, որոշում կայացնողների կողմից: Եվ որպեսզի փոխվի այդ վերաբերմունքը, որպեսզի իրավունք չվերապահեն իրենց ձեռք բարձրացնել լրագրողների վրա, պետք է փոխվի ամբողջ համակարգը, մոտեցումները պետք է փոխվեն: Արդյո՞ք մենք կարող ենք իսկապես այսօրվա իրավիճակում դա անել․․․ Շատ թերահավատորեն եմ վերաբերվում դրան»:

Ընդհանուր առմամբ հուլիսի 29-ին Սարի թաղում և Խորենացի փողոցում ոստիկանների ու քաղացիական հագուստով անձանց գործադրած բռնությունների հետևանքով 14 լրագրող է տուժել։ Հղում անելով նախաքննության գաղտնիությանը՝ Հատուկ քննչական ծառայությունից այդպես էլ այսօր չմանրամասնեցին, թե արդյոք որևէ ոստիկանի մեղադրանք առաջադրվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG