Խանդոյանների ընտանիքի դուռը բաց է, ամեն րոպե հարևաններ ու հյուրեր են գալիս «Սասնա ծռեր» խմբի անդամի՝ «Միայնակ Գայլ» անունով Արայիկ Խանդոյանի ու եղբոր՝ Արարատի մասին լուրեր իմանալու համար։ Մայրը՝ Ռիմա Խանդոյանն անհանգստությամբ հետևում է, թե պարեկապահակային ծառայության գնդի տարածքում իրադարձություններն ինչպես են զարգանում։ Գիտի, որ օրերս որդին ոտքից վիրավորվել է։
«Ոչ գիտեմ՝ բժիշկ կա մոտը, ոչ գիտեմ՝ ինչ կա: Բժիշկներն արդեն ելել են դուրս։ Ոչ մի բան չեմ իմացել, բալա ջան, որ իմանայի, կթողայի՞, որ տանից դուրս գար: Ինքն աշխատում էր, խաբում էին, ասում էին, թե հերթի ա», - «Ազատության»-ը պատմեց Խանդոյանի մայրը։
«10 տարի չի եղնի, որ կաստիլը ցած ա դրել, ու էդ ոտքից էր վիրավոր: Վիճակի մասին լուր չեն ասում, բժիշկներն էլ թողել են, չգիտենք Արայիկով ով ա զբաղվում: Դե պարզ ա, չի գնա հիվանդանոց: Ինչ էլ էղնի, Արայիկը չի հանձնվի, հերոս ա, հերոս էլ մնալու ա, ինչ ուզում ա լինի, մեր հերոսն ա», - ասաց Արայիկ Խանդոյանի եղբոր կինը՝ Սոնա Թամարյանը:
Մայրը պատմում է, որ առաջին օրերին իրենից թաքցրել են, որ Արայիկը պարեկապահակային գնդի տարածքում է: Ապա մյուս որդին՝ Արարատն է մորը պատմել կատարվածն ու ասել, որ գնում է Երևան՝ ցույցերին մասնակցելու։ Գյուղ, սակայն, չի վերադարձել։
Իրավապահները հուլիսի 21-ին նրան ձերբակալել, ապա նաև կալանավորել են։ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ հրահրելու համար։ Մայրն ու կինը, ովքեր այս ընթացքում Արարատին տեսնելու հնարավորություն չեն ունեցել, Արարատին մեղավոր չեն համարում։
«Մոտեցա մեր միլպետին, ասեցի՝ դուք բան էրեցիք, որ երեխուն տարան, ինչի համար են բռնել, թե մայրիկ ջան, ոչ մի բան էլ չկա, մի մտածի, 73 ժամը լրանա, ինքս կգնամ կբերեմ, հետո էլ՝ թե ինքը ցույցեր ա արել, միլիցեքի վրա քարեր է շպրտել․․․ Էն իրան տենց բան թույլ չէր տա, որ քար շպրտեր։ Արարատիս ընկերներն եկան, թե՝ մայրիկ ջան, երթանք ընդեղ, որ հաց պիտի տանինք, մեր ձեռքից չեն վերցնի, դու ներկա էղնիս, որ վերցնին, էդ ժամանակ եմ գնացել, ոչ երեխուս երեսն եմ տեսել, ոչ էլ որևիցե մի բան, մենակ ստորագրել եմ, ու եկել եմ», - ասաց Ռիմա Խանդոյանը:
«Ոչ մի հնարավորություն, դաժը զանգի հնարավորություն չեն տվել, որ զանգեր, տեղն ասեր: Անցել ա երեք-չորս օր, զանգել, ասել են՝ ձեր ամուսինը՝ Արարատ Խանդոյանը ստեղ է, ասել եմ՝ գոնե ասեք մի անգամ զանգի, ունի էդ իրավունքը, ասավ՝ մոտը հեռախոս կիջացնենք, կզանգի, բայց ոչ մի զանգ: 11 օր ա՝ ոչ մի լուր չունենք: Փաստաբանն ա տեսել, ասեց, որ այրվածքներ ունի, բժշկի կարիք ունի, բայց որքան գիտեմ բժիշկ չի այցելել։ Հրաժարվելու եմ բոլոր իրա պարգևներից, բոլորից անխտիր, պատվոգրերից, պարգևներից, պետք չի իրան», - ասաց Արարատի կինը՝ Սոնա Թամարյանը:
Ռիմա Խանդոյանի կարծիքով, Արարատին եղբոր համար են կալանավորել։ Գյուղի սկզբնամասում իրավապահներն այսօր էլ հերթապահություն էին իրականացնում։ Նրա խոսքով, իրենց փորձում են ճնշել, նույնիսկ անապահովության նպաստից են զրկել․ - «Հուլիս ամսվա նպաստն արդեն չենք ստացել։ Հարցրեցի պատճառն ինչ է, ասին՝ ԿԳԲ-ն չի թողել, էդքան մի բան»:
Մայրը պատմում է, որ հինգ զավակներից չորսը Արցախյան պատերազմին են մասնակցել, որդիներից մեկը հենց այնտեղ է զոհվել։ Ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրվանից էլ Արայիկն ու Արարատը Արցախում էին, ասում է մայրը։
«Արայիկս եղել է Շուշիի գրավմանը, Արայիկս եղել է Մարտակերտում, անունները չեմ կարա թվարկեմ, թերթեր, արխիվներ, բոլորի մեջ գրված է՝ Մարտակերտ, Թալիշ, Շուշի, Քարինտակ, ինչքան Ղարաբաղ տեղ կա, որտեղ կռիվը սկսվել ա, էնտեղ ինքն եղել է առաջինը։ Ես բազմազավակության մեդալ էլ ունիմ, Երկրապահի մեդալ էլ ունիմ, Պաշտպանության նախարարի ձեռքից ստացել եմ, որպես հերոսի մայր, Ծովակալ Իսակովի մեդալ, հիմա էլ երեխեքս արդեն դառել են ագրեսորներ», - ասաց Ռիմա Խանդոյանը: