Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարում է, որ հաղորդումներ է ստացել լրագրողների նկատմամբ բռնությունների ու նրանց աշխատանքը խոչընդոտելու մասին։
«Ըստ մեզ ներկայացված տեղեկությունների՝ դրանք արել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ։ Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրմանը, նրանց գործունեությանը խոչընդոտելուն քաղաքացիական հագուստով ոստիկանների հնարավոր ներգրավման մասին», - հայտարարում է օմբուդսմենի գրասնյակը՝ նշելով, որ իրենց կողմից բոլոր հրապարակումներն արձանագրվել են։
«Դրանց հիման վրա անհրաժեշտ է անմիջապես հարուցել քրեական հետապնդում, իրականացնել մանրամասն քննություն և բացահայտել բոլոր մեղավոր անձանց», - ասված է օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրությունում:
ՄԻՊ գրասենյակը նաև տեղեկացնում է, որ ահազանգեր է ստացել քաղաքացիների բերման ենթարկելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: «Այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ», - ասված է հաղորդագրությունում: