Մատչելիության հղումներ

Հերմինե Նաղդալյան. «Չվնասելը մնում է մեր գլխավոր բանաձևը»


Հերմինե Նաղդալյանի ասուլիսը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, 28-ը հուլիսի, 2016թ.
Հերմինե Նաղդալյանի ասուլիսը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, 28-ը հուլիսի, 2016թ.

Խնդիրը ոչ թե արտահերթ նիստ գումարելու մեջ է, այլ օրվա առաջին, գլխավոր խնդիրը օպերատիվ խնդիրն է՝ իրավիճակի հանգուցալուծումը, հինգշաբթի երեկոյան Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց իշխող կուսակցության գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։

«Այսօր կան բազմաթիվ քրեական գործեր, այսօր գնում է քննություն և հետաքննություն, և այս պարագայում պատգամավորների հետ քննարկումը կամ պատգամավորների կողմից քննարկումը հղի է նաև նրանով, որ կարող է առաջանալ նոր սրացումներ և կարող է գնալ կամ բռնության, կամ իրար չհասկանալու նոր ալիքներ», - ասաց Նաղդալյանը:

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, առաջարկել էր խորհրդարանի արտահերթ նիստ գումարել՝ ՊՊԾ գնդի տարածքի գրավմամբ պայմանավորված ճգնաժամային իրավիճակը քննարկելու համար։ Սակայն Փաշինյանի այս նախաձեռնությանը համաձայնել և համապատասխան ձևաթղթի վրա իրենց ստորագրությունն են դրել ընդամենը 19 պատգամավորներ՝ անհրաժեշտ 44-ի փոխարեն:

Նաղդալյանի փոխանցմամբ, ՀՀԿ-ի հիմնական մոտեցումը եղել է՝ չվնասել այսօր ընթացող բանակցային գործընթացը։ «Չվնասելը մնում է մեր գլխավոր բանաձևը, մեր գլխավոր սխեման», - ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամը։

ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խումբը իր պահանջների մեջ նշել էր, որ դեմ է հողերի հանձնմանը։ Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ներքաղաքական իրավիճակը ղարաբաղյան հարցի վրա, Նաղդալյանը պատասխանեց. - «Բնական է, որ բոլոր այս իրադարձությունները մտահոգիչ են ընդհանուր առմամբ ինչպես մեր պետության հետագա զարգացման, մեր պետականության ամրապնդման տեսակետից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման իմաստով։ Բայց ես կարծում եմ, որ մինչև խոսել հողերի հանձնելու մասին, մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում իրականության մեջ, ինչ առաջարկ մենք ունենք, ինչ քննարկում, ինչ բանակցություն կարող է վերսկսվել և ընթանալ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև և ինչ զարգացումներ դրանք կունենան»։

«Չեմ կարծում, որ որևէ մեկը Հայաստանում կարող է ասել, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը գնալու է կամ երբևիցե կգնա նրան, որպեսզի ազատագրված հողերը հանձնվեն առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական՝ անկախ կարգավիճակի ստանալը», - հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG