Մատչելիության հղումներ

Խորենացի փողոցում գիշերն անցել է առանց միջադեպերի


Ոստիկանական պատնեշը Խորենացի փողոցում, 24-ը հուլիսի, 2016թ.
Ոստիկանական պատնեշը Խորենացի փողոցում, 24-ը հուլիսի, 2016թ.

Խորենացի փողոցում գիշերն անցել է հանգիստ, առանց միջադեպերի։ Նախորդ օրերի համեմատ երեկ ոստիկանական զորքերն ավելի շուտ՝ անմիջապես կեսգիշերն անց հեռացան տարածքից՝ ոստիկանական արգելափակոցը թողնելով մի քանի հերթապահ ոստիկանների հսկողության ներքո։

Գիշերվա ընթացքում ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից կրակոցների ձայներ չեն լսվել։ Իսկ թե ինչ վիճակ է ՊՊԾ գնդի տարածքում՝ արդեն ավելի քան 30 ժամ է պաշտոնական տեղեկատվություն չկա։ Տեղեկություն չկա նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի այն անդամներից, ովքեր պարբերաբար տեղեկություններ էին փոխանցում խմբավորման անդամներից․ նրանց մեծ մասը ձերբակալված է կամ կալանավորված։

Առավոտյան ոստիկանությունն արդեն հերթափոխ է կատարել։ Այստեղ էր նաև Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, սակայն նրա հետ զրուցել չհաջողվեց։

Նշենք, որ արդեն երկու օր է հավաքները մեկնարկում են Ազատության հրապարակում։ Ոստիկանությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Խորենացի փողոցի՝ ՊՊԾ գնդի տարածքին հարակից հատվածում ցույցեր թույլ չի տալու։

Երեկ ցույցի մասնակիցները Ազատության հրապարակից երթով շարժվեցին Բաղրամյան պողոտայի սկզբնամաս՝ Ֆրանսիայի հրապարակ՝ խափանելով երթևեկությունը, այնուհետև վերադարձան Ազատության հրապարակ, և դրանով հավաքն ավարտվեց։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ սկսել են քաղաքացիական խաղաղ անհնազանդության ակտեր։

«Այսօր դրանցից մեկը եղավ, մի փոքր այլ պլաններ կային, որ պետք է կատարվեր, բայց եղանակն ուղղակի մեզ շատ խանգարեց, հիմա արդեն քամի է սկսվել։ Քաղաքացիներն, ովքեր այստեղ հավաքված են, շատ ակտիվ են, իրենք մեր պայքարին շատ են պետք։ Այսօր մի փոքր կարճ կանենք, թեև մեր խնդիրը որոշակի լուծեցինք՝ Ֆրանսիայի հրապարակը փակելով։ Հետագա քայլերն ընթացքում կբացենք», - ասաց «Ժառանգության» փոխնախագահը։

Հարցին, թե ծրագիրը նո՞ւյնն է լինելու՝ հավաքվել Ազատության հրապարակում և երթով շարժվել Խորենացի փողոց, Մարտիրոսյանը պատասխանեց. - «Շատ ավելի բազմազան կանենք։ Ամեն օր ինչ-որ մի նոր հնարք կկիրառենք, կամ կկրկնենք, բայց անպայման գործողությունների արդեն դիմելու ենք»։

Իսկ թե որքա՞ն այս ամենը կշարունակվի, Մարտիրոսյանն ասաց, որ չգիտի։ «Չգիտեմ, որ իմանամ, կպատասխանեմ, կարծում եմ՝ համենայն դեպս պետք է այնքան պայքարենք, մինչև այս ճգնաժամային իրավիճակից դուրս գանք։ Հույս ունենք, որ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը՝ Գյումրիում, Կապանում... արդեն սկսվել է նմանատիպ գործողություններ, հույս ունեմ՝ դա կտարածվի, նաև ակցիաները Երևանում ավելի հզոր կդառնան», - ասաց «Ժառանգության» փոխնախագահը։

Նրա խոսքով՝ քաղաքական առումով ակնհայտ է, որ պրոցես է սկսվել։ «Ակնհայտ է, որ մեր ազատամարտիկ ապստամբների պահանջներն արդեն օրակարգային են և լեգիտիմ են, հասարակությունն այդ պահանջները սրանից երկու օր առաջ բազմամարդ հանրահավաքներով, երթերով հաստատել է, հիմա պետք է դրա կյանքի կոչման ուղղությամբ շարժվենք», - ասաց Մարտիրոսյանը։

Հարցին, թե զինված խմբի անդամներից ի՞նչ տեղեկություններ ունեն, Մարտիրոսյանը պատասխանեց. - «Ես ձեզ ասեմ, որ ինձ շատ հարազատ անձնավորություններ կան այնտեղ, մեկը Պավլիկն էր Մանուկյան՝ հեռավոր բարեկամ է, իսկ մյուսն ավելի մոտ բարեկամ է, իրենից միջնորդավորված տեղեկություն ենք ստացել, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, պինդ են, ամուր են։ Իհարկե, իշխանություններն ամեն մի ջանք գործադրեցին հակաքրիստոնեական, խոշտանգումներին ուղղված, որ իրենք այդ կենցաղային հարմարավետությունները չունենան, նաև սնունդ չունենան, բայց այն երիտասարդը, որ մեքենայով մտել էր, ոնց որ թե սնունդ հասցրել էր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG