Մատչելիության հղումներ

Հուլիսի 27-ին ՊՊԾ գնդին հարող տարածքից բերման է ենթարկվել 66 քաղաքացի


Ինչպես «Ազատությանը» տեղեկացրին Ոստիկանության լրատվական վարչությունից, հուլիսի 27-ին արգելափակված Խորենացի փողոցից ու դրան հարակից տարածքից բերման է ենթարկվել 66 անձ:

Նրանցից հինգը «ներկայացվել են Քննչական կոմիտե և հարցաքննվել զանգվածային անկարգություններին մասնակցություն ունենալու վերաբերյալ, ինչից հետո ազատ են արձակվել»:

Կարմիրբերետավոր ոստիկանների կողմից քաղաքացիների մուտքը գրավյալ ՊՊԾ գնդին հարակից Խորենացի փողոց արգելվեց հուլիսի 27-ի վաղ առավոտից: Բացի լրագրողներից ու տեղի բնակիչներից, մնացյալ բոլորին, առանց տարիքային կամ այլ խտրականության ոստիկանները հորդորում էին հեռանալ, իսկ այդ պահանջը չկատարելու դեպքում ուժով, առանց որևէ հիմնավորում կամ բացատրություն ներկայացնելու՝ տեղափոխում էին ոստիկանական պատի հակառակ կողմը:

Ավելի ուշ, երբ արդեն տասնյակ քաղաքացիներ էին հարկադրաբար տեղափոխվել ոստիկանական պատից այն կողմ, իրավապահների ներկայացուցիչներից մեկը պարզաբանեց, որ քաղաքացիների մուտքի արգելման հիմքը նախորդ օրը՝ հուլիսի 26-ին, տարածված հայտարարությունն է, որտեղ ոստիկանությունը տեղեկացնում էր, որ Խորենացու արգելափակված հատվածում հավաք անցկացնելը դրա մասնակիցների կյանքի, առողջությանը, ինչպես նաև հասարակական անվտանգության համար կարող է վտանգավոր լինել, ուստի նշվում էր, որ Խորենացիում թույլ չի տրվելու հավաք անցկացնել:

«Քաղաքացիներին ներկայացվում է օրինական հիմքը, քանի որ այստեղ հավաքը արդեն իսկ արգելված է, մենք այդ մասին արդեն իսկ հայտարարել ենք: Հիմա պրոֆիլակտիկ աշխատանքներ են տարվում․․․ Բոլոր քաղաքացիները, ովքեր որ տարվում են այն կողմ, ճշտվում ա նրանց անձը, ինքնությունը: Եթե նա կապ չունի որևէ հավաքի կամ ինչ-որ բանի հետ, նա անմիջապես ազատ է արձակվում», - մանրամասնեց իրավապահը:

Իրավաբան Արա Ղազարյանը ոստիկանության երեկվա գործողությունները գնահատեց որպես քողարկված ձերբակալում: Իրավաբանի խոսքով՝ նույնիսկ եթե հավաքն արգելված է, բայց ունի խաղաղ բնույթ, ապա դա օրինական է․ - «Ավելի շուտ դա քողարկված ձերբակալում է քաղաքացիական ակտիվիզմը սառեցնելու, ճնշելու նպատակով, որը չի համապատասխանում բերման ենթարկելու կամ ձերբակալելու դասական իմաստով նպատակներին: Հետևաբար դա քաղաքացու տեղաշարժի ազատության կամ անձնական ազատության իրավունքի անիրավաչափ միջամտություն է»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազատության» հետ զրույցում երեկվա իրադարձությունները, ինչպես նաև հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո քաղաքացիների բերման ենթարկումները որակեց որպես զանգվածային ապօրինություն․ - «Երեկվանը ավելի շատ հենց այդ ակնհայտ և ցուցադրական ապօրինության իմաստը կայանում էր ճնշում գործադրել քաղաքացիների նկատմամբ, որը որոշ ազդեցություն ունեցավ այսպես կոչված հակաճգնաժամային խորհրդի անդամների վրա, որպեսզի հրաժարվեն ընդհանրապես հանրահավաքների կազմակերպումից»:

Իրավապաշտպանները նաև անօրինական գնահատեցին բերման ենթարկված քաղաքացիներին ոստիկանության զորքերի զորամասը տեղափոխելը, որտեղ քաղաքացիների մի մասը գտնվում էր մինչև երեկ ուշ գիշեր, ինչպես նաև այն հանգամանքը, որ քաղաքացիների մեծ մասի բերման ենթարկումը չի փաստաթղթավորվել, հետևաբար նրանք չեն կարող հետագայում բողոքարկել իրենց դեմ իրականացված գործողությունները:

Երեկ բերման ենթարկվեցին նաև ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ով վերջին օրերին Խորենացիում տեղի ունեցող հավաքների նախաձեռնողներից էր:

Բերման էր ենթարկվել նաև կանադահայ դերասանուհի, հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը՝ Արսինե Խանջյանը:

Առանց պատշաճ բացատրության և հիմքերի ներկայացման քաղաքացիներին բերման ենթարկելը անթույլատրելի է համարել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

XS
SM
MD
LG