Միացյալ Նահանգների պաշտպանության նախկին նախարար, Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Լեոն Փանեթան մեղադրել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին «հերթական անգամ Ռուսաստանի կողմը բռնելու» համար, երբ վերջինս Մոսկվային առաջարկել էր հաքերային հարձակում գործել իր մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստի վրա:
Թրամփն ասել էր, թե հույս ունի, որ Մոսկվան կգտնի կորած 30 հազար նամակները, որոնք Քլինթոնը, համարելով անձնական, ջնջել է:
Իր հերթին, պաշտոնական Մոսկվան պնդել է, որ կապ չունի հաքերային հարձակման հետ, ընդգծելով, որ Ռուսաստանը երբեք չի միջամտում այլ երկրների ընտրական գործընթացներին:
2015 թվականի մարտին հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելիս Հիլարի Քլինթոնը գործնական նամակագրության համար օգտվել էր անձնական փոստից։ Անվտանգության նորմերի համաձայն՝ նա պետք է օգտվեր միայն ծառայողական սերվերից, որն ունի պաշտպանվածության բարձր աստիճան։