Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ իր ազգականներից մեկի վրա ճնշում են գործադրել, և դա որակել է շանտաժ և քաղաքական ճնշում իր վրա: Երկրի վարչապետն ու իշխող քաղաքական ուժը հերքում են նախագահի կասկածները:
Մարգվելաշվիլին այս մեղադրանքները հնչեցրել է Սահմանադրական դատարանի նախագահի հետ հանդիպումից հետո:
Սահմանադրական դատարանի նախագահ Գիորգի Պապուաշվիլին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ դատարանի որոշ անդամների նկատմամբ «ճնշումներ» և «շանտաժ» է գործադրվում, որպեսզի նրանք վճիռները կայացնեն իշխանությունների օգտին, կամ ձգձգեն դատարանի վարույթում գտնվող մի քանի աղմկահարույց գործերի վերաբերյալ վճիռների ընդունումը:
Սահմանադրական դատարանի նախագահի այս հայտարարությունից հետո նրան հանդիպել է երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Հանդիպումից հետո, հուլիսի 25-ի ասուլիսում Մարգվելաշվիլին ասել է, թե իրենց զրույցում Սահմանադրական դատարանի նախագահը ճնշումների վերաբերյալ կոնկրետ փաստեր է ներկայացրել:
«Ցավոք դա ինձ չզարմացրեց», - ասել է Վրաստանի նախագահը, - «Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ այդ միտումը նոր չէ: Մոտավորապես մեկ ամիս առաջ փորձ է արվել իրավապահների ներգրավմամբ ճնշում գործադրել իմ ընտանիքի անդամներից մեկի վրա», - հայտարարել է Վրաստանի նախագահը:
Մարգվելաշվիլին ասել է, թե չէր պատրաստվում պատմել այդ մասին, իր վրա այդպիսի ճնշումները ծիծաղելի է համարում, բայց տեսնելով, որ այդ միտումը խորանում է, ճնշումներ են գործադրվում Սահմանադրական դատարանի անդամների վրա, որոշեց միջադեպը հրապարակավ ներկայացնել հանրությունը:
Վրաստանի նախագահը պատմել է, որ իր ընտանիքի անդամներից մեկին, ում անունը նա չի հրապարակել, ոստիկանությունը փողոցում կանգնեցրել է, իսկ հետո նրա բնակարանում խուզարկություն են կատարել առանց դատարանի որոշման: «Իհարկե, ամեն ինչ մաքուր է եղել, իրավախախտումներ չեն հայտնաբերվել, բայց որոշակի ակնարկներ են արվել, որոնք հենց ճնշումներ են այդ անձի վրա», - ասել է Մարգվելաշվիլին:
Այդ միջադեպի հետ կապված՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին բացառել է քաղաքական ենթատեքստը կամ նախագահին շանտաժի ենթարկելու փորձը: Կվիրիկաշվիլին լրագրողներին ասել է, որ մի քանի օր առաջ այդ թեմայով հանդիպում է ունեցել նախագահի հետ: «Ես իսկույն հանձնարարել եմ ներքին գործերի նախարարին անհապաղ պարզել այդ հարցը: Եթե խախտվել են ինչ-որ ընթացակարգեր, ապա արձագանքը շատ խիստ կլինի, բայց մեկ անգամ ևս բացառում եմ քաղաքական ենթատեքստը», - ասել է Վրաստանի վարչապետը:
Վարչապետի մեկնաբանությունից հետո ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ իրավապահները անօրինական զենք ձեռք բերելու և պահելու գործի շրջանակներում հունիսի 28-ին երեք տղամարդու են խուզարկել, խուզարկությունները դատարանի կողմից օրինական են ճանաչվել: Խուզարկված անձանցից մեկը նախագահի կնոջ աղջկա ամուսինն է:
«Նախագահի փեսայի մոտ անօրինական առարկաներ չեն հայտնաբերվել, տվյալ հետաքննության շրջանակում նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հարց չի դրվել», - պարզաբանել է ներքին գործերի նախարարությունը:
Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ, իշխող «Վրացական երազանքի» անդամ Մանանա Կոբախիձեն երկրի նախագահին մեղադրել է «անպատասխանատու և անլուրջ» հայտարարության համար, ասելով, որ նա որոշակի մեղադրանքներ է ուղղում իշխանության հասցեին: Ընդ որում, այս հայտարարությունից հետո Կոբախիձեն, երբ նրան թվացել է, թե տեսախցիկներն այլևս չեն նկարահանում, կարծիք է հայտնել, թե նախագահը թունդ խմիչքներ է սիրում ու երևի մի քիչ շատ էր խմել:
Ընդդիմադիր Ազգային միացյալ շարժման առաջնորդներից Գիգա Բոկերիան ասել է, թե «երկրում աղետալի վիճակ» է: «Վարչապետը ոչինչ չի որոշում: Անձամբ Իվանիշվիլիին ուղղակիորեն ենթարկվող մարդիկ են կատարում այդ անօրինական գործողությունները», - հայտարարել է Գիգա Բոկերիան:
«Պետություն հանուն ժողովրդի» կուսակցությունից Խաթունա Լագազիձեն ասել է. - «Եթե այդպիսի փաստ իրոք տեղի է ունեցել և խոսք է գնում նախագահի ընտանիքի անդամի նկատմամբ ճնշում գործադրելու մասին, ապա նշանակում է՝ պետություն գոյություն չունի, և 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսի Պետրիաշվիլին ասել է. - «Եթե այդպիսի հարցերի մասին խոսում են Սահմանադրական դատարանի նախագահը, երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, ընդդիմությանը, ապա փաստացի մենք գործ ունենք պետական լուրջ սկանդալի հետ»:
Այսօր Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի նախագահի ու երկրի նախագահի հայտարարությունների հետ կապված հետաքննություն է սկսում: