«Սասնա ծռեր» խմբավորման կողմից արդեն տասն օր գրավված ՊՊԾ գնդի տարածքի մերձակայքում այս գիշեր ոստիկանների կրակոցներից ոտքի վիրավորումներ են ստացել զինված խմբավորման երկու անդամներ:
Մինչ այդ զինյալները այրել են 3 ոստիկանական մեքենա, այդ թվում՝ ավտոբուս:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, մեքենաների այրումից հետո՝ կեսգիշերն անց, գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։ Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու և դրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար կրակ են բացել մեքենայի շարժիչի, անվադողերի ուղղությամբ։ Հրաձգության հետևանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել և նահանջել գնդի տարածք։ Ոստիկանությունը նաև տեղեկացնում է, որ իրավապահները անմիջապես բուժօգնություն են կանչել և առաջարկել վիրավորներին տեղափոխել հիվանդանոց, ինչին զինված խմբի անդամները համաձայնել են։ Ներկայումս երկու վիրավորներն էլ՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը, գտնվում են հիվանդանոցում և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։
Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ նախորդ գիշեր էլ զինված խմբի անդամները այրել էին ոստիկանության «Գազել» մեքենա: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը երեկ երեկոյան Խորենացի փողոցում տեղի ունեցած հավաքին հայտարարեց, որ արդեն երկու օր է՝ «Սասնա ծռերի» անդամները զրկված են սննդից և այլ անհրաժեշտ միջոցներից, և հենց այդ մեկուսացման դեմ են բողոք արտահայտում ոստիկանական մեքենաներն այրելով:
«Հիմնադիր խորհրդարան»-ն այսօր նաև հայտարարել է, որ առավոտյան ժամը 7-ի սահմաններում մի քաղաքացի իր մեքենայով ճեղքել է ոստիկանական պատնեշը, մտել ՊՊԾ գնդի տարածք և սնունդ փոխանցել զինված խմբի անդամներին։ Ըստ հայտարարության, ոստիկանությունը կրակ է բացել իրենց պատնեշը ճեղքած մեքենայի ուղղությամբ, վիրավորներ չկան։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, ըստ էության, հաստատել է այս տեղեկությունը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացնելով, որ զինված խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը դեռ ՊՊԾ գնդի տարածքում է:
Զինված խմբին աջակցություն ցուցաբերելու համար երեկ Խորենացի փողոցում կազմակերպված հավաքին Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը հայտարարեց, որ պետք է անել ամեն ինչ արյունահեղություն թույլ չտալու համար․ - «Ամեն ջանք ներդնելու ենք, որ որևէ կողմից որևէ զենք չկրակի: Հարյուրավոր անգամներ զգուշացվել է՝ գրավոր և բանավոր՝ իշխանություն, դու պիտի երջանիկ լինես, որ մարդիկ զենք չեն վերցնում: Իրենց թվացել է, թե մենք ծաղրում ենք, չափազանցնում ենք, լոպազություն ենք անում, վախեցնում ենք իրենց պարզապես: Չեն հասկացել: Իրականությունից բացարձակ կտրված իշխանության հետ գործ ունենք: Ո՞ւմ էիք ահաբեկիչ ասում: Ահաբեկիչների կողք ու բոլորը գալիս՝ ժողովո՞ւրդ է հավաքվում: Որտե՞ղ եք տեսել նման բան»:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն էլ հայտարարեց, որ բանակցությունները իշխանությունների և զինյալների միջև սառած վիճակում են․ - «Ոչ մի լուծում չկա, բացի տղաների առաջ քաշած ազգային, քաղաքական, համակարգային պահանջների իրականացումը»:
Երեկ ուշ երեկոյան, բացի ավանդական դարձած հավաքից, մի քանի հազար քաղաքացիներ արգելափակված Խորենացի-Քրիստափորի խաչմերուկից մայրաքաղաքի կենտրոնում երթ անցկացրին՝ աջակցություն հայտնելով «Սասնա ծռերի» անդամներին և կոչ անելով իշխանություններին լուծել սննդի խնդիրն ու թույլ չտալ արյունահեղություն: