Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ նախարարությունը և առողջապահական ողջ համակարգը հուլիսի 17-ից ի վեր շարունակում են մասնագիտական անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բուժօգնության կարիք ունեցող յուրաքանչյուր քաղաքացու։
«Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի հետևանքով բոլոր տուժածներին ողջ ծավալով տրամադրվել և տրամադրվում է պատշաճ բուժօգնություն։ Նախարարությունն ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը։ Տուժածների զգալի մասն ապաքինվելով դուրս է գրվել հիվանդանոցներից, մի մասն էլ անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում», - ասված է նախարարության երեկվա հաղորդագրությունում։
«Անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ շտապօգնության մեքենան շարքից հանելը և վարորդին պատանդ պահելը, բանակցությունների արդյունքում ստեղծված զեզոք գոտում զենքի առկայությունը և դրա գործածումը, կրակոցներն ամենևին չեն նպաստում բուժօգնության կազմակերպման համար համապատասխան մթնոլորտի ստեղծմանը և խոչընդոտում են մասնագիտական պարտքը կատարող բժիշկների աշխատանքը», - ասված է հաղորդագրությունում:
Նախարարությունը տեղեկացնում է, որ «Շտապբուժօգնություն» ընկերության 6-8 մեքենա դեպքի վայրում և դրա հարակից տարածքում առայսօր հերթապահություն է իրականացնում` անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու նպատակով։ Շտապբուժօգնության մնացած մեքենաները մայրաքաղաքի բնակչությանը սպասարկում են մեծ ծանրաբեռնվածությամբ։
«Տեղում անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել յուրաքանչյուր դիմողի` թե՛ զինված խմբի անդամներին, թե՛ ոստիկանության աշխատակիցներին, թե՛ տարածքի բնակչությանը և թե՛ հավաքների մասնակիցներին։ Ըստ անհրաժեշտության, կազմակերպվել է բուժօգնության կարիք ունեցողի տեղափոխումը հիվանդանոց։ Ինչ վերաբերում է զինված խմբի վիրավոր անդամին բժշկական օգնություն ցուցաբերելու խնդրին, ապա մինչ օրս բուժօգնություն ստացող վիրավորին պարբերաբար առաջարկվել է տեղափոխել հիվանդանոց՝ նրա վիճակին համարժեք ստացիոնար բուժում ապահովելու համար, տեղեկացվել է հնարավոր հետևանքների մասին, սակայն առաջարկը մշտապես մերժվել է զինված խմբի կողմից», - ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունը մեկ անգամ ևս խնդրում է զերծ մնալ իրենց մասնագիտական աշխատանքը նվիրումով և պատրաստակամորեն կատարող բժիշկների գործունեությունը խոչընդոտելուց և ավելորդ լարվածություն չստեղծել։