Մատչելիության հղումներ

ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո առաջին անգամ բազմամարդ երթ տեղի ունեցավ Երևանի փողոցներով


Երկուշաբթի երեկոյան, զինված խմբի կողմից Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավումից անցած 9 օրերի ընթացքում առաջին անգամ, բացի հանրահավաքից բազմամարդ երթ տեղի ունեցավ:

Երթը, որին, ըստ կազմակերպիչների, մասնակցում էին 4-5 հազար ցուցարարներ, տևեց մոտ երկու ժամ, մասնակիցները շրջեցին Երևանի կենտրոնական փողոցներով, անցան Հանրապետության հրապարակով և վերադարձան Խորենացի փողոց: Մինչ Խորենացի փողոց հասնելը դրան զուգահեռ Տիգրան Մեծ պողոտայում, որն անցնում է ՊՊԾ գնդի տարածքի ետնամասով, ցուցարարները մի պահ կանգ առան, և որոշվեց բարձրաձայն այդտեղից էլ վանկարկել «Սասնա ծռեր»` զինված խմբի անվանումը, և զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի անունը, այդ ընթացքում ՊՊԾ գնդի տարածքից հնչեցին կրակոցներ:

Խորենացի փողոց վերադառնալուց հետո հնչեցին մի քանի ելույթներ:

Համակարգող խմբի անդամները վստահեցնում են, որ հնարավոր է՝ այսօր արդեն երթով չսահմանափակվեն և քաղաքացիական անհնազանդության այլ միջոցների դիմեն:

Երթի նախաձեռնող՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում վստահություն հայտնեց, որ թեպետ իշխանությունը անցել է հոգեբանական ճնշման, այդուհանդերձ, ժողովուրդը չի նահանջելու և ավելի է ուժգնացնելու պայքարը:

«Պատկերացրեք, այս բազմահազար երթը ինչ կլինի, եթե մեկ թեկուզ ազատամարտիկ զոհվի: Կարծում եմ, իշխանությունները շատ մեծ բանականություն ունեն և հասկանում են, որ դա ուղղակի պայթյունի կարող է բերել: Դրա համար, կարծում եմ, արդեն ժամանակն է, որ իրենց կողմից զիջման քայլերը տեսնենք», - հայտարարեց Մարտիրոսյանը: «Ազատության» հարցին՝ «ի՞նչ զիջումներ եք ակնկալում», նա արձագանքեց․ - «Այդ պահանջները որ դրված են՝ բոլորը, բոլորը՝ [նախագահ Սերժ Սարգսյանի] հրաժարականն էլ, վստահության կառավարություն, արտահերթ ընտրություններ, հողերի չհանձնել, քաղբանտարկյալ․․․ բոլորը մտնում են»:

Երթին մասնակցում էր նաև Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, ով բողոքի այս ալիքի առաջին իսկ օրից Խորենացի փողոցում էր: Թեպետ Փաշինյանը մի քանի օր առաջ լքեց Խորենացի փողոցի հարթակը, այդուհանդերձ, երեկ «Ազատության» հետ զրույցում նա վստահեցրեց, որ կանի հնարավորը՝ այս գործընթացին աջակցելու համար:

«Պարզաբանումներ հնչեն, որպեսզի մինչև վերջ և թափանցիկ ձևով պարզ լինի, թե, ի վերջո, [իշխանությունների և զինված խմբի միջև] տեղի ունեցած բանակցությունները, որ ընթացել են, ինչի մասին են եղել: Որովհետև տարբեր հայտարարություններ են հնչում, և էդ հայտարարությունների մեջ որոշակի անհասկանալի կետեր կան, և դրանք, կարծում եմ, որ պետք է պարզաբանվեն», - հայտարարեց Փաշինյանը:

Կարևորելով նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի՝ ցուցարարների պահանջը, ընդդիմադիր պատգամավորը հարցին, թե ինչո՞ւ չի ցանկանում կրկին առաջնորդել այս շարժումը, արձագանքեց․ - «Ես երբեք չեմ առաջնորդել այդ շարժումը, որ կրկին առաջնորդեմ: Այո, ես ասել եմ, որ պետք է լինի կամարտահայտման ժամ, և ես եկել եմ որպես քաղաքացի իմ կամքը արտահայտեմ, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Էս պահին ես տեսնում եմ, որ էդքանն է արդյունավետ մասնակցության միջոցը: Երբ որ սկզբունքների և մյուս մոտեցումների առումով կլինեն արդյունավետ մասնակցության հնարավորություններ, մենք ասել ենք, որ մեզնից կախված առավելագույնը կանենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG