Մատչելիության հղումներ

Արամ Սաթյան. Ո՞ւմ է արվեստը հետաքրքրում


Արամ Սաթյան, արխիվ
Արամ Սաթյան, արխիվ

Կոմպոզիտոր Արամ Սաթյանը 2013 թվականից ղեկավարում է Կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը, բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների, նաև երեք փոփ օպերաների հեղինակ է։ Տարբեր տարիների իր ստեղծագործությունների համար արժանացել է մրցանակների։

Երեք տարի առաջ, երբ ստանձնեց Կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահի պաշտոնը, ասում էր, որ միությունում ոչ միայն ստեղծագործական անելիքներն են շատ, այլև Կոմպոզիտորների միության շենքի, միությանը պատկանող` Դիլիջանում գտնվող, լավագույն կոմպոզիտորներից Էդվարդ Միրզոյանի անունը կրող Կոմպոզիտորների ստեղծագործական տան վերանորոգման աշխատանքներն են հրատապ։

«Ազատության» հետ զրույցի ընթացքում Արամ Սաթյանը շեշտեց, որ հասարակական կազմակերպություն համարվող ստեղծագործական միություններն իրենք են հոգում իրենց բոլոր ծախսերը, և այդ է պատճառը, որ շատ արագ չեն կարողանում իրականացնել վերանորոգման աշխատանքները, եթե լրացուցիչ գումարներ չկան։

Բայց կոմպոզիտորներն այնուամենայնիվ կարողանում են ամառային հանգիստը Դիլիջանում անցկացնել՝ բավական մատչելի գնով և հարմարավետ պայմաններում։

«Շատ մաքուր է, հնարավոր չի վերանորոգել, բայց երկու հատ լավ քոթեջներ ունեմ, նոր եմ վերանորոգել, մեծ գումարներ ենք ծախսել։ Գիտե՞ք ինչում է բանը, մենք հասարակական կազմակերպություն ենք, մեզ ոչ մեկը կոպեկ չի տալիս՝ հա՛մ նալոգ ենք տալիս, հա՛մ գույքահարկ ենք տալիս, էդքանի մեջ դուք ասում եք՝ «նոր շինարարություն սկսե՞լ եք, էս բանը նոր արե՞լ եք»։ Պրոֆեսորը` կոնսերվատորիայի, 55-60 հազար փող է ստանում, ամոթ չէ՞», - ասաց Սաթյանը։

Հարցին, թե միությանը որևէ մեկը չի՞ օգնում, նա պատասխանեց. - «Մի քանի հարյուր հազար դոլար բերեին, տային, ամեն ինչ տեղը կընկներ։ Ո՞ւմ է արվեստը հետաքրքրում... Արվեստը պետք է ոչնչացնել ու ամեն ինչ տեղը կկանգնի՝ էդ է միտքը։ Ի՞նչ են անում միությունները՝ վերականգնում են արվեստագետի ստատուսը, նրանք բարձրացնում են արվեստագետի դերը հասարակության մեջ, հասկանո՞ւմ եք, և եթե չլինի արվեստն, այս բոլորն անիմաստ է դառնում։ Ինչ-որ ինձանից հասնում է, ես ամեն ինչ անում եմ, ես իմ ծրագրերը հերթով իրականացնում եմ՝ առանց պետական աջակցության՝ ընկերների, ծանոթների միջոցով. եթե միությունը ոչ մի համակարգիչ չուներ, հիմա ընկերների շնորհիվ յոթ հատ ունի, եթե ոչ մի քոթեջ վերանորոգված չէր, այսօր երկու քոթեջ արված է, դա արվում է անձնական մոտեցման շնորհիվ։ Ինչ հնարավոր է՝ անում ենք, դրա համար մենք պետք է գտնենք ձևեր, միակ բանն, ասեմ, այսօր շուկայական հարաբերություններ են, շուկայական հարաբերությունների մեջ պետք է կարողանաս ձևեր գտնել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG