Մատչելիության հղումներ

«Պահանջների մասին այսօր ժամանակը չէ խոսել»․ Շարմազանով


Էդուարդ Շարմազանով, արխիվ
Էդուարդ Շարմազանով, արխիվ

«Քանի բանակցությունները գնում են, պետք է շարժվենք «մի՛ վնասիր» սկզբունքով», - հայտարարեց ՀՀԿ խոսնակը

Հայաստանի հանրապետական կուսակցությունը խնդրի խաղաղ, բանակցությունների միջոցով հանգուցալուծման կողմնակից է: Անդրադառնալով ՊՊԾ գնդի տարածքում ստեղծված իրավիճակին՝ քիչ առաջ հայտարարեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե ինչո՞ւ ավելի վաղ չէին ներկայացնում իրենց տեսակետը, ՀՀԿ խոսնակն արձագանքեց, որ կուսակցության լռությունը պայմանավորված էր բանակցային գործընթացը չխաթարելու ձգտումով:

«Հիմա շատ նյարդային պահ է: Մեզ նոր արյուն պետք չէ, Հայաստանում մենք թշնամիներ չունենք, բոլորը մեր եղբայրներն են, քույրերն են: Բազում խնդիրներ կան, բայց այսօր թիվ մեկ խնդիրը այս իրավիճակի խաղաղ հանգուցալուծումն է: Քանի բանակցությունները գնում են, պետք է շարժվենք «մի՛ վնասիր» սկզբունքով», - ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ զենքի ուժով խնդրի լուծումը արդարացված չէ:

«Ազատության» հարցին՝ ինչպիսի՞ն է ՀՀԿ-ի դիրքորոշումը «Սասնա ծռեր» խմբի ներկայացրած պահանջների՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի և «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակման վերաբերյալ, Շարմազանովը պատասխանեց․ - «Պահանջների մասին այսօր ժամանակը չէ խոսել: Այսօր պետք է հասնենք նրան, որ խնդիրը ունենա հնարավորինս խաղաղ հանգուցալուծում»:

Իրեն «Սասնա ծռեր» կոչող զինված խումբը հուլիսի 17-ի առավոտյան գրավել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը և պատանդ վերցրել այնտեղ գտնվող անձանց: Նրանք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր անցած ամիս` զինված խմբավորումների միջոցով շենքեր գրավելու ծրագրեր ունենալու կասկածանքով:

Իրավապահները փակել են ՊՊԾ գունդ տանող ճանապարհները և ուժեր կենտրոնացրել տարածքում: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ բանակցում է զինված խմբի անդամների հետ: Արյունահեղություն թույլ չտալու համար Խորենացի փողոցում՝ ոստիկանության կազմած արգելապատի մոտ, հուլիսի 18-ից ամեն երեկոյան ցուցարարներ են հավաքվում:

Հուլիսի 20-ի երեկոյան հավաքված ցուցարարների և ոստիկանության միջև բախում տեղի ունեցավ, ցուցարարները քարեր և պլաստիկե շշեր նետեցին ոստիկանների ուղղությամբ: Միջադեպից որոշ ժամանակ անց ցուցարարները սկսեցին աղբամաններից բարիկադներ կառուցել՝ Խորենացի փողոցում և դրան զուգահեռ Տիգրան Մեծ պողոտայի մի մասում: Հուլիսի 21-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանները սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել ներկաներին, այնուհետև քանդեցին բարիկադները և վերականգնեցին երթևեկությունը Տիգրան Մեծ պողոտայում, ինչպես նաև Քրիստափոր-Խորենացի փողոցների խաչմերուկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG