Մատչելիության հղումներ

Խորենացի փողոցի միջադեպից տուժածներից շուրջ մեկ տասնյակը շարունակում է հիվանդանոցներում մնալ


Խորենացի փողոցում նախորդ գիշեր տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 50 տուժածներից մոտ մեկ տասնյակը շարունակում է հիվանդանոցներում մնալ։ Քաղաքացիներն ու ոստիկանները հիմնականում գազային թունավորումներով ու կոտրվածքներով են բուժհաստատություններ տեղափոխվել։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Արսեն Թադևոսյանը, ով ծնոտի կոտրվածք ունի, պատմում է, որ թեև հատուկ միջոցներից չի տուժել, սակայն ավելի ուշ իրեն ու ընկերներին ոստիկաններն են մոտեցել ու սկսել ծեծել, ապա բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք։ Այստեղ նա մինչ առավոտ մնացել է առանց բժշկական օգնության։

«Ոստիկանության Շենգավիթի մասնաշենքում էի գտնվում, ինձ բերման էին ենթարկել 4 քաղաքացիական ակտիվիստի հետ: Մեր հետ կար ֆիզիկական խնդիրներ ունեցող մի տղա, ով խնդրում էր, որ իրենք բժշկական օգնություն ցույց տան, որը մինչև վերջ չեղավ: Նաև այնտեղ կար մի տղա, ով էպիլեպսիայով էր տառապում ու մի քանի անգամ ուշագնաց եղավ, բայց այդ ամեն ինչը չէր խանգարում, որ բռնությունը ու ծեծը շարունակվի», - պատմում է Թադևոսյանը:

Ակտիվիստն ասում է՝ ընկերների հետ Խորենացի էր եկել, որպեսզի թույլ չտա, որ արյունահեղություն լինի։ Բախումը շատ հանկարծակի սկսվեց՝ պատմում է Թադևոսյանը․ - «Հիմնականում կային մարդիկ, որոնք ստեղծում էին նմանատիպ իրավիճակ: Դրանք մի քանի հոգի էին ու ըստ երևույթի՝ քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին, քանի որ հենց սկսվեց ուժային ծեծկռտուքը, նրանց չկպան»։

Տուժածների մեծ մասը Էրեբունի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոններ էին տեղափոխվել։ Բժիշկների խոսքով՝ բախումներից տուժածները հիմնականում միջին ու թեթև վնասվածքներ են ստացել:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի շտապ օգնության ու վերակենդանացման բաժանմունքի մոտ էլ այստեղ տեղափոխված ոստիկանների ծնողներն էին հավաքվել։ Նրանք հիմնականում խուսափում էին տեսախցիկից, ոմանք էլ նշեցին, որ իշխանությունների անհետևողականության պատճառով նաև իրենց որդիներն են տուժում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG