Թուրքիայում 3 ամիս տևողությամբ արտակարգ դրություն է գործելու: Այդ մասին երեկ երեկոյան հայտարարեց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ազգային անվտանգության խորհրդի՝ շուրջ 5 ժամ տևողությամբ նիստից հետո:
«Արտակարգ դրության նպատակն է արդյունավետ և արագ վերացնել այն սպառնալիքը, որն ուղղված է մեր երկրի ժողովրդավարության, իրավական պետության, մեր քաղաքացիների իրավունքների և ազատությունների դեմ»,- հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում ասաց Էրդողանը` դիմելով երկրի տարբեր քաղաքների հրապարակներում հավաքված քաղաքացիներին:
«Այս քայլը ոչ մի կերպ ուղղված չէ ժողովրդավարության, իրավունքի և ազատությունների դեմ: Ընդհակառակը, դրա նպատակն է պաշտպանել և ամրապնդել այդ արժեքները»,- հավելեց Թուրքիայի նախագահը: Թուրքիայում արտակարգ դրություն սահմանելու մասին որոշումը հրապարակվել է երկրի պաշտոնաթերթում և արդեն այսօր ներկայացվել խորհրդարանի քննարկմանն ու հաստատմանը: Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, ի պատասխան հասարակության մեջ առաջացած մտավախությանը, թե արտակարգ դրությունը կսահմանափակի մարդկանց ազատությունը, պարզաբանել է՝
«Արտակարգ դրությունը բացասականորեն չի ազդի քաղաքացիների առօրյա կյանքի վրա: Բոլոր ջանքերն ուղղված են Գյուլենի կառույցի` զուգահեռ պետության դեմ պայքարին»,- ընդգծել է փոխվարչապետը` նշելով, որ արտակարգ դրությունը չի ազդի նաև երկրի խորհրդարանի աշխատանքների վրա:
Թուրքական «Զաման»-ի փոխանցմամբ, նախագահ Թայիփ Էրդողանը ևս հավաստիացրել է, թե քաղաքացիների ազատությունը չի սահմանափակվելու, քանի որ արտակարգ դրությունը ռազմական դրություն չէ:
Քաղաքական կուսակցությունները ոչ միանշանակ են արձագանքել երկրում արտակարգ դրություն հայտարարելու որոշմանը: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետականի խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Օզգյուր Օզելը այս որոշումը «քաղաքացիական հեղաշրջում» է որակել, իսկ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խոսնակ Այհան Բիլգենը երկրում «բարձրակարգ ժողովրդավարություն» կառուցելու կոչ է արել:
Հուլիսի 15-ի երեկոյան Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո երկրի ամենատարբեր կառույցներում շարունակվում են «զտումները»: Դատաիրավական, ռազմական, կրթական համակարգերի, տեղական ինքնակառավարման մարմինների տասնյակ հազարավոր աշխատակիցներ ազատվել են աշխատանքից կամ ձերբակալվել` ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի և նրա կառույցի հետ առնչություն ունենալու կասկածանքով:
Թուրքական իշխանությունները շարունակում են փաստեր ի հայտ բերել՝ ապացուցելու համար թե հենց Գյուլենն է կանգնած հեղաշրջման փորձի հետևում: Խոսելով ԱՄՆ-ում բնակվող իր հակառակորդի արտահանձնման հնարավորության մասին՝ նախագահ Էրդողանն ասել է․ - «Իհարկե մեր բարեկամներից ու ռազմավարական դաշնակիցներից սպասում ենք, որ մեզ կհանձնեն ահաբեկչական կազմակերպության ղեկավարին, և հավատում ենք, որ հանձնելու են»: