Երևանի Խորենացի փողոցում քիչ առաջ բախում տեղի ունեցավ ավելի քան հարյուր ցուցարարների և ՊՊԾ գունդ տանող տարածքը արգելափակած ոստիկանության ուժերի միջև:
Այն բանից հետո, երբ ցուցարարները սկսեցին քարեր շպրտել և գրոհել ոստիկանների դիրքերը, ոստիկանությունը արցունքաբեր գազի, վահանների և մահակների կիրառմամբ ցրեց հավաքվածներին: Տեղի ունեցած բախումների արդյունքում կան վիրավորներ: «Ազատության» տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է դեպքի վայրից շտապօգնության մեքենա մեկնում, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը հայտարարեց, որ ոստիկանների շրջանում կան «շատ» վիրավորներ:
Իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ ոստիկանության և ցուցարարների բանակցությունները՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջոցով հուլիսի 17-ից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի զինված խմբին սնունդ հասցնելու շուրջ, ընդհատվեցին՝ քանի որ պատգամավորն ահազանգ ստացավ Սարի թաղում լարվածության մասին և մեկնեց այդտեղ: Այնուհետև, լսելով Խորենացի փողոցում բախումների մասին, Նիկոլ Փաշինյանը վերադարձավ և հայտարարեց, որ բախումը տեղի է ունեցել սադրանքի հետևանքով: Այժմ պատգամավորը փորձում է հանդարտեցնել իրավիճակը: