Մատչելիության հղումներ

Զինված խմբի անդամ երկու երիտասարդների ծնողները չեն բացառում, որ իրենց որդիներին ներգրավել են «կամքին հակառակ»


Զինված խմբի անդամ երկու երիտասարդների ծնողների` Մարինե Պապիկյանի և Մերուժան Սողոմոնյանի մամլո ասուլիսը, 20-ը հուլիսի, 2016 թ․
Զինված խմբի անդամ երկու երիտասարդների ծնողների` Մարինե Պապիկյանի և Մերուժան Սողոմոնյանի մամլո ասուլիսը, 20-ը հուլիսի, 2016 թ․

Նրանց այսօրվա մամլո ասուլիսը կազմակերպել էր Ոստիկանության լրատվական վարչությունը, որի ղեկավար Աշոտ Ահարոնյանն ասաց՝ հենց քաղաքացիներն են այդ խնդրով դիմել իրավապահներին։

Սպիտակից ժամանած Մերուժան Սողոմոնյանի և Մարինե Պապիկյանի պնդմամբ, չի բացառվում, որ իրենց որդիները Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված անձանց խմբում են հայտնվել իրենց կամքին հակառակ։ «Իմ տղան ոչ ծառայել ա, ոչ զենք վերցրած ա, Ռուսաստանից 13-ին [հուլիսի] եկել ա, երեք օր հետո տեղ պետք ա գնայինք, ինքը տանից գնաց ու էլ չիմացանք․․․իմացանք, որ ինչ-որ խառնաշփոթ ա եղել, ընդեղ ա․․․ու խաբար չունենք»,- լրագրողներին պատմեց Մերուժան Սողոմոնյանը:

Նրա խոսքով, իր 30-ամյա որդին՝ Էդգարը, քաղաքականությունից հեռու է, բանակում էլ չի ծառայել: Հայրը չի հավատում, որ իր որդին ինքնակամ է միացել խմբին։ «Թող լյուբոյ լրագրող մի հարց տա իրան պալիտիկայից, եթե իմ երեխեն պատասխանեց, ուրեմն ինքն իրանց հետ ա: Ես իրանց բան չունեմ ասելու, իրանք ինչ մտադրություն ունեն, թող անեն, բայց իմ երեխուն թող տան ինձ, խնդրում եմ ուղղակի Պավլիկ Մանուկյանին, որ․․․ նա զենքի չի տիրապետում, աչքերը չի տենում, չեմ ուզում հանրության մեջ ասեմ․․․»,- շարունակեց Էդգարի հայրը:

Հարցին՝ ձեր որդուն առևանգե՞լ են կամ ստիպողաբա՞ր են տարել՝ մասնակցելու կիրակի օրվա գրոհին, հաշմանդամություն ունեցող Մերուժան Սողոմոնյանը պատասխանեց՝ չգիտի, թե ինչպես է որդին միացել խմբին։ «Մանուկյանը, ինքը լավ մարդ ա, թող հարցնի՝ այ Էդգար ջան, հորդ խի՞ ես բրախել․․․»:

Նույնպես Սպիտակից ժամանած Մարինե Պապիկյանն էլ կասկածներ ունի, որ իր որդին զինված խմբում է հայտնվել «պատահմամբ»։ Պատմում է, թե որդին՝ Գառնիկ Հովակիմյանը Ռուսաստանում է բնակվում, օրեր առաջ է վերադարձել, կիրակի վաղ առավոտյան էլ ինքը զանգահարել է՝ տեղեկանալու, թե որտեղ է որդին: «Առավոտ 7-ին զանգեցի, արձագանքում էր ձենը, ասեցի՝ Գարիկ ու՞ր ես, ասեց՝ մամ մի հատ, շենքի մեջ ենք: Հետո ես համակարգիչը միացրեցի, կարդացի․․․ ես արդեն հակացա»:

Նաև պատմում է «ինչ-որ» հանրահավաքի մասին, որին, ենթադրաբար, պետք է մասնակցեր Գառնիկը: Այդ հավաքի մասին խոսում էին Սպիտակում, ասում է նա: Թե ինչ հանարհավաք էր և ով էր դրա մասին հայտարարել, մորը որևէ բան հայտնի չէր: Ոստիկանության լրատվական կենորոնում կայացած ասուլիսին մասնակցող երկու սպիտակցիներն էլ հերքեցին պնդումները, թե իրենց որդինները նախկինում միմյանց ճանաչել են: Նաև հավաստիացրեցին՝ «Սասնա ծռեր»-ի անդամներին էլ իրենց որդիները չեն ճանաչել ու նրանց հետ որևէ կապ չեն ունեցել։ Մերուժան Սողոմոնյանը խոսուփում էր զինված խմբի մասին կարծիք հայտնելուց, նշելով, թե նրանց նպատակներն իրեն չեն հետաքրքրում: Պարզապես ցանկանում է, որ «իր միակ խնամակալ որդին» տուն վերադառնա:

Ոստիկանութանն ուղղված հարցին, հանարավո՞ր է, որ ասուլիսի մասնակից սպիտակցիների որդիները բոլորովին այլ վայրում են և կապ չունեն զինված խմբի հետ, Աշոտ Ահարոնյանը չպատասխանեց, միայն ասաց՝ ոչ հերքում, ոչ էլ հաստատում է տեղեկությունը, թե նշված երիտասադները «Սասնա ծռեր»-ի անդամներ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG