Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ու Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով մայրաքաղաքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, շեշտեցին, որ անգամ ամենակարևոր և նվիրական գաղափարներն ու նպատակները չի կարելի ահաբեկչական գործողություններով փորձել իրականացնել: Ըստ Էդվարդ Միլիտոնյանի, հասարակության մեջ կան տարբեր չլուծված խնդիրներ, բայց, նրա համոզմամբ, նման ծայրահեղ քայլերն անընդունելի են:
«Այսպիսի ահաբեկչական համաշխարհային ֆոնի վրա նման գործողությունը, բնականաբար, ընդունվում է որպես ահաբեկչություն: Եթե մենք շարունակենք, որ մերը հայրենասիրական ահաբեկչություն է, գաղափարախոսական ահաբեկչություն է, մարդասպանությունն էլ․․․», - ասաց Միլիտոնյանը:
«Ժամանակն է եկել, որ մենք կարմիր գծից հետ կանգնենք: Մարդասպանությունը հարց չի լուծում, և որևէ գաղափար՝ ամենապայծառ, ամենահրաշալի, որևէ նշանակություն չունի, եթե այնտեղ պետք է մարդ զոհվի: Ես Դոստոևսկու մի նախադասություն կբերեմ՝ ամբողջ աշխարհի երջանկությունը չարժե մեկ երեխայի արցունք: Գաղափարները չեն, որ տանում են մարդկությունը առաջ, այլ միջոցները, որոնցով իրականացվում են այդ գաղափարները, և եթե նրանք իրագործվում են դաժան միջոցներով, արյան միջոցով, այդ գաղափարը սնանկանում է», - ասաց Ռուբեն Բաբայանը:
«Բայց այստեղ մեծ անելիք ունի իշխանությունը: Չի կարելի բերել այս եզրին հասցնել: Դու պետք է թողնես միշտ օրինական ձևով, ժողովրդավարական ձևով երկրում բարեփոխումներ կատարվեն, իշխանափոխություն կատարվի, որպեսզի որևէ մեկը իրավունք չունենա ասել՝ բոլոր ճանապարհները փակ են՝ բա ի՞նչ անենք»,- ընդգծեց ռեժիսորը:
Մտավորականները հույս ունեն, որ թե՛ իշխանությունները, թե՛ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները ողջամիտ կգտնվեն և չեն գնա հետագա արյունալի բախումների: