Մատչելիության հղումներ

Խորենացու փողոցում երկրորդ գիշերը ևս համեմատաբար հանգիստ անցավ


Ոստիկանները Խորենացու փողոցում, 18-ը հուլիսի, 2016թ․
Ոստիկանները Խորենացու փողոցում, 18-ը հուլիսի, 2016թ․

Արդեն երկու օր է՝ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գտնվում է զինված խմբի հսկողության տակ, չորս ոստիկաններ դեռևս պատանդ են:

Գիշերը համեմատաբար հանգիստ է անցել հարակից՝ Խորենացու փողոցում, չնայած Ազատության հրապարակում հանրային քննարկումից հետո որոշ ցուցարարներ երթով շարժվել էին այնտեղ: Մոտ երկու տասնյակ քաղաքացիներ գիշերն անցկացրեցին Խորենացու փողոցում:

Ցուցարարների թիվը սկզբում մոտ մի քանի հարյուր էր, բոլորն էլ նշում էին, թե իրենց այստեղ գալու նպատակն այն է, որ Ոստիկանությանը թույլ չտային գրոհ ձեռնարկել ՊՊԾ գնդի տարածքի վրա: Նրանց գալուց առաջ էլ շատ մեծ թվով ոստիկաններ եկան՝ սաղավարտներով ու զրահաբաճկոններով, մահակներով, այդ ոստիկանները ամբողջ գիշերվա ընթացքում երկու գծով շղթա կազմած փակել էին Խորենացու փողոցը ամբողջ լայնքով, որպեսզի թույլ չտան քաղաքացիների առաջխաղացում:

Այստեղ եկան նաև Ոստիկանության պետի երկու տեղակալները՝ Լևոն Երանոսյանը և Սամվել Հովհաննիսյանը: Ոստիկանության զորքերի հրամանատար Երանոսյանը շրջում էր քաղաքացիների կողքով, զրուցում հարակից շենքերի բնակիչների հետ: Նրան ուղեկցում էր սև համազգեստով մի քաղաքացի, որի ձեռքին ինքնաձիգ կար, և «Ազատության» դիտարկմանը, թե արդյոք այդ անձը չի՞ վախեցնի հասարակությանը մարտական զենքով, Երանոսյանը անմիջապես արձագանքեց՝ այդ քաղաքացուն կարգադրելով անմիջապես հեռացնել ինքնաձիգը․ - «Շպրտի էն յան, զիբլի յաշիկը քից»:

Լևոն Երանոսյանին «Ազատություն»-ը նաև մի քանի հարց ուղղեց, նա հիմնականում խուսափում էր պատասխանել, բայց վստահեցրեց, որ այս պահին որևէ գրոհ նախատեսված չէ ՊՊԾ գնդի տարածքի ուղղությամբ:

Թեև ոստիկանական մեծ ուժեր կուտակվեցին, և բարձրաստիճան շատ ոստիկաններ կային գիշերվա ընթացքում այդտեղ, սակայն նրանցից որևէ մեկը կոչով հանդես չեկավ:

Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության վերջին հաղորդագրությունների համաձայն՝ առայժմ ՊՊԾ գնդի տարածքում պատանդ են մնում չորս ոստիկաններ, նրանցից երկուսը՝ բարձրաստիճան՝ Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG