Տոնական հրավառության փոխարեն՝ աջուձախ ընկած տասնյակ դիակներ, վիրավոր, արնաշաղախ մարդիկ՝ ամեն քայլափոխի․ Ֆրանսիան այս շաբաթ երրորդ ահաբեկչական հարձակումն ապրեց վերջին մեկուկես տարվա մեջ: Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրը արյունալի հարձակման զոհ դարձավ 84 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Պաշտոնական Երևանը հաստատեց՝ սպանվածներից առնվազն մեկը Հայաստանի քաղաքացի էր:
Ականատեսների վկայություններն ու սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերը սարսափազդու են . սպիտակ բեռնատարը բարձր արագությամբ ու առանց կանգառի մխրճվում է ծովափնյա Նիսի կենտրոնում հավաքված հոծ բազմության մեջ՝ և առաջ գնալով մոտ երկու կիլոմետր՝ դաժանաբար վրաերթի ենթարկում մարդկանց:
«Այդ մեքենան ուղղակի սկսեց քշել մարդկանց ուղղությամբ՝ տրորել-անցնելով բոլորին.. բոլորին...Անվտանգության ուժերը շատ ուշ եկան, մոտ 25 րոպե պահանջվեց, մինչև կարողացան կանգնեցնել նրան», - պատմում էր ականատեսներից մեկը:
«Ճանապարհը մսաղացի էր նման, ամենուր դիակներ էին, վիրավոր մարդիկ», - ասաց մեկ այլ ականատես:
Ահաբեկչությունից երկու օր անց իսլամական խմբավորումը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը՝ հայտարարելով, թե ոստիկանական կրակոցից սպանված վարորդը եղել է իրենց զինվորը: Ավելի վաղ իրավապահները հաստատել էին վարորդի ինքնությունը՝ Թունիսում ծնված, Նիսում ապրող 31-ամյա Մոհամեդ Լաուէժ Բուլելը, ով Պրոմենադ դեզ Անգլե բուլվար էր մտել իբր մարդկանց պաղպաղակ տանելու համար:
Հաղորդվում է մի խումբ մարդկանց ձերբակալությունների մասին: Եվս երեք ամսով երկարաձգվել է արտակարգ դրությունը, որ մտցվել էր նախորդ ահաբեկչությունից՝ փարիզյան հարձակումներից հետո: Փողոցներում հսկողություն իրականացնող տասը հազար զինվորներից բացի որոշվել է նաև պահեստազորի ուժերը մոբիլիզացնել:
«Անձը, որ կատարել է այս զազրելի հանցագործությունը, նախկինում երբևէ հայտնի չի եղել իրավապահներին իր ծայրահեղական հայացքներով, կամ իսլամիստ խմբերի հետ կապեր ունենալու պատճառով, համենայնդեպս, ընկերներից ու հարազատներից ստացած վկայություններից դատելով՝ նա շատ կարճ ժամանակում է արմատական դարձել», - հայտարարեցՖրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնյովը:
Դաժան ողբերգությունը բազմաթիվ հարցեր բարձրացրեց․ ինչու հենց Ֆրանսիան, արդյոք հնարավոր չէր կանխել, որքանո՞վ են արդյունավետ երկրի անվտանգության ուժերը և պե՞տք է արդյոք շարունակել պայքարը իսլամիստների դեմ: Նախագահ Օլանդի պատասխանը միանշանակ էր․ - «Որևէ բան չի կարող կանգնեցնել մեզ ահաբեկչության դեմ պայքարում: Մենք էլ ավելի կուժեղացնենք մեր գործողությունները Սիրիայում և Իրաքում՝ դիպուկ հարվածներ հասցնելով նրանց, ովքեր հարձակվում են մեզ վրա մեր հողում»:
Համաձայն լինելով արտաքին քաղաքականության մեջ՝ Օլանդի որոշումներին, Ֆրանսիայի քաղաքական գործիչները, այդուամենայնիվ, խստորեն քննադատում են նրա ներքին քաղաքականությունը՝ հայտարարելով, որ կառավարությունը չի կարողանում ապահովել ֆրանսիացիների անվտանգությունը․ անցած տարեսկզբին՝ հարձակում «Շառլի էբդո»-ի խմբագրատան վրա, անցած նոյեմբերին՝ պայթյունների շարք մայրաքաղաք Փարիզում, հիմա՝ հանգստավայր Նիսում, և հենց այն օրը, երբ մարդիկ նշում էին իրենց ազգային տոնը: Արձագանքելով քննադատություններին՝ Օլանդը իր խոսնակի միջոցով միասնության կոչ արեց՝ հորդորելով մի կողմ դնել տարաձայնությունները:
«Մենք տեսանք, որ փորձ է արվում մասնատել երկիրը: Այսպիսի վտանգի առջև կանգնած՝ մենք պետք է հիշենք Ֆրանսիայի ազգային գաղափարների շուրջ միավորվելու և համախմբվելու անհրաժեշտությունը», - ասաց Ֆրանսիայի նախագահի խոսնակ Ստեֆան Լե Ֆոլը:
Դաժան սպանդը դատապարտող հայտարարություններ տարածեցին Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ռուսաստանի առաջնորդները՝ ընդգծելով՝ այս ծանր պահին կանգնած են սգացող Ֆրանսիայի կողքին: Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնի կողմից առաջարկեց անհրաժեշտ ողջ օժանդակությունը՝ մեղավորներին գտնելու ու պատժելու հարցում:
«Ողբերգական զուգադիպությամբ հարձակումն իրականացվեց մարդկանց ուղղությամբ, որոնք տոնում էին ազատությունը, հավասարությունն ու եղբայրությունը», - հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Ռուսաստանի նախագահը կոչ է արեց միավորել քաղաքակիրթ աշխարհի ողջ ուժերը՝ զինյալների, նրանց առաջնորդների ու հովանավորների դեմ պայքարելու համար որտեղ էլ որ նրանք գտնվելիս լինեն: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ֆրանսիայի առաջնորդին ցավակցական հեռագիր հղեց նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ վստահեցնելով՝ վշտի այս ծանր պահին Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած են բարեկամ Ֆրանսիայի կողքին: