Մատչելիության հղումներ

ՀԽ անդամների գրաված բաժնում են ոստիկանապետի տեղակալը, Երևանի փոխոստիկանապետը․ Փաշինյան


Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, որտեղ այս պահին մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանների։

Փաշինյանի փոխանցմամբ, այնտեղ են գտնվում ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը ու ևս 7-8 ոստիկաններ: Ոստիկանության աշխատակիցները զինաթափված են, «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչները զինված: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներից մեկը հրազենային վիրավորում ունի, արյուն է կորցրել: Մեկ ոստիկանի հնարավորություն է տրվել շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

«Նրա ճնշումը բարձր էր, և երբ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները համոզվեցին դրանում, թույլ տվեցին տեղափոխել հիվանդանոց», - փոխանցել են Փաշինյանին:

Փաշինյանը պնդում է, որ ինքը բաժնում է գտնվել առավոտյան 9.30-ի սահմաններում, այդ պահին իրավիճակը հանգիստ է եղել: Իսկ մինչ այդ, ինչպես նրան փոխանցել է Վալերի Օսիպյանը, իրավիճակը լարված է եղել:

Փաշինյանի հաշվարկներով, ներսում կա մոտ 25 մարդ։

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները Փաշինյանի փոխանցել են, որ պահանջում են, որպեսզի Հայաստանում լինի ժողովրդին ծառայող իշխանություն, և որ իրենք իշխանական նկրտումներ չունեն։ Նաև պահանջում են, որ այդտեղ բերեն Ժիրայր Սեֆիլյանին, որպեսզի իրենք կկատարեն միմիայն նրա ցուցումները և հրամանները։

«Ընդհանուր առմամբ, վիճակը լարված է այնքանով, ինչքանով դուք կարող եք պատկերացնել, բայց այս իրավիճակի համար կարող ենք ասել, որ հանդարտ է: Նոր զրուցում էի Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի հետ, և զրուցել եմ Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի հետ։ Ամենակարևոր խնդիրը համարում եմ այն, որ իրավիճակի էսկալացիա տեղի չունենա, այսինքն՝ իրավիճակն ավելի չբարդանա, փորձենք այնպես անել, որ իրավիճակը հանդարտվի ու որևէ հանգուցալուծում գտնվի։ Չնայած կոնկրետ պատկերացում չունեմ, թե ինչ հանգուցալուծում։ Կարող եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր այս գործողությունն իրականացրել են, կարծում եմ՝ դա կարող են վկայել նաև ոստիկանները, բժիշկները, նրանք ամենևին ագրեսիվ չեն և համոզված են, որ այն, ինչ տեղի է ունենում, իրենք անում են ի շահ Հայաստանի»։

Փաշինյանի հաղորդմամբ, ձևակերպման խնդիր է՝ Օսիպյանին ու մյուս ոստիկաններին պատանդ պահելու հանգամանքը։

«Այս պահին ես տեսնում եմ, որ Օսիպյանն, ով անզեն է, զինաթափված է, զրուցում է «Նոր Հայաստան»-ի մի խումբ մարդկանց հետ, շատ հանգիստ պայմաններում զրուցում են։ Օսիպյանը փոխանցում է, որ հիմա է հանգստ, մինչ այդ հանգիստ չէր։ Բայց այս պահին ես դա եմ տեսնում, իմ գալու պահից եղել է հանդարտ։ Հիմա, որ ասում եք Օսիպյանը պատանդ է, Խորենացի փողոցի վրա քայլում, առաջ է գնում, խոսում է, ես տեսնում եմ նաև Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին, որը նստած ծխում է գործողությունն իրականացրած խմբի տղաների հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG