Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ զինված ուժերի որոշ էլեմենտներ «ապօրինի գործողության փորձ» են կատարել, և անվտանգության ուժերը հրաման են ստացել «անել այն, ինչ անհրաժեշտ է»:
«Մենք թույլ չենք տա նման փորձ: Նրանք, ովքեր ներգրավված են եղել այս ապօրինի գործում, թանկ են վճարելու», - ասել է Յըլդըրըմը` NTV հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցում: - «Ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը շարունակում է իր ձեռքում պահել իշխանության լծակները: Կառավարությունը կհեռանա միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը դա կկամենա», - հավելել է նա:
Թուրքիայի վարչապետը նման հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ անվտանգության ծառայությունները փակել են Ստամբուլի եվրոպական և ասիական մասերը իրար հետ կապող Բոսֆորի նեղուցի երկու կամուրջների որոշ հատվածներ, իսկ Անկարայում կրակոցներ են հնչել` մինչ ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները պտտվել են Թուրքիայի մայրաքաղաքի երկնքում: