Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի վիզաների ազատականացման գործընթացը ներառված է Եվրամիության Արևելյան գործընկերության հաջորդ՝ 2017 թվականի գագաթաժողովում, այսօր հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
«Հենց նոր փաստաթղթեր եմ ստացել Բրյուսելից, որտեղ նշվում է ԵՄ Արևելյան գործընկերության երկրների հաջորդ գագաթաժողովի օրակարգը և առաջնահերթությունները: Ընդգծեմ, որ այն շատ լավատեսական է և Հայաստանի հետ վիզայի ազատականացման գործընթացի սկիզբը հենց առաջնահերթ հարցերի շրջանակում է: Հասկանալով նաև հայերի հիասթափությունը՝ ուզում եմ նշել, որ Դուք մոռացված չեք, դուք օրակարգում եք», - ասաց Սվիտալսկին՝ «Քաղաքացիական հասարակության դիտարկումները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» հանրային քննարկման ժամանակ:
Սվիտալսկիի խոսքով՝ ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները մտել են ինտենսիվ փուլ:
«Կայունությունը գերակա խնդիր է Եվրամիության համար», - ասաց դեսպանը, - «Մենք ուզում ենք, որ Հայաստանի տնտեսությունը ավելի լավ զարգանա, աճի զբաղվածության մակարդակը՝ հատկապես երիտասարդների համար: Մենք համարում ենք, որ փոքր և միջին ձեռնարկությունները կարևոր լծակներ են, որոնք կարող են բարելավել Հայաստանի տնտեսական աճի հեռանկարները»:
Սվիտալսկին ԵՄ-Հայաստան հարաբերություններում որպես գերակա ճյուղ առանձնացրեց նաև համագործակցությունը անվտանգության ոլորտում:
«Եվրամիությունը ցանկանում է օգնել հարևաններին, որպեսզի վերջիններս կարողանան արդյունավետ լուծել անվտանգության մարտահրավերները», - ասաց Սվիտալսկին՝ ընդգծելով, որ Հայաստանը երկիր է, որը կանգնած է շատ կոնկրետ ռազմական սպառնալիքների առաջ և ունի կոնկրետ գերակայություններ:
Անդրադառնալով բազմաթիվ անգամներ բարձրացված հարցին, թե հարաբերությունների ի՞նչ մակարդակ կարելի է ակնկալել շրջանակային համաձայնագրով այն դեպքում, երբ Հայաստանը արդեն իսկ Եվրասիական տնտեսական միությանն մաս է կազմում, Սվիտալսկին ընդգծեց՝ հնարավոր է կամուրջ կառուցել մեկ այլ ինտեգրացիոն գործընթացի մաս կազմող երկրի հետ և Եվրամիությունն ամեն ինչ անում է Հայաստանի իշխանություններին դա ապացուցելու համար:
«Ինձ թվում է՝ շատ հստակ է, որ Հայաստանի նման երկրների դեպքում մենք չենք փորձում որևէ բան պարտադրել, չենք հետապնդում եսակենտրոն օրակարգ, հարաբերությունների մակարդակը մեծամասամբ որոշելու են մեր հայ գործընկերները», - ասաց ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Մենաշնորհների վերացում, կոռուպցիայի դեմ պայքար՝ սրանք խնդիրներ են, որոնք պետք է հաղթահարի Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերություններ հաստատելու ճանապարհին: «Ազատության» հարցին, թե այսօր Հայաստանի իշխանությունները ընթանո՞ւմ են այս ճանապարհով, Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն պատասխանեց, որ Հայաստանն ու Եվրամիությունն այսօր խոսում է նույն լեզվով:
«Եվ մենք մտադիր ենք այս ուղղությամբ շարունակել մեր ակտիվ երկխոսությունը Եվրամիության հետ՝ խորացնելու համար բարեփոխումների գործընթացը կամ անշրջելի դարձնելու համար այդ գործընթացը և դրանով իսկ ավելի բարենպաստ միջավայր ստեղծել կայուն զարգացման և համագործակցության համար», - հավելեց Հայաստանի փոխարտգործնախարարը:
Մինչդեռ Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը ընդգծում է՝ հետևելով արտաքին և ներքին ոլորտում տարվող քաղաքականությանը, տպավորություն ունի, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն ընդունել Եվրամիության այս կոչերը:
Մինչդեռ Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը ընդգծում է՝ հետևելով արտաքին և ներքին ոլորտում տարվող քաղաքականությանը, տպավորություն ունի, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն ընդունել Եվրամիության այս կոչերը:
«Ամեն դեպքում, Եվրամիությունը փորձում է Հայաստանին խրախուսել, Հայաստանին ակնարկել, որ հնարավորությունները կան, բայց առայժմ երկրի ներսում՝ հիմնականում կառավարող շրջանակներում, ես այդ ակնարկների ընկալումը չեմ տեսնում», - մասնավորապես, ասաց Բորիս Նավասարդյանը: