Մատչելիության հղումներ

Ավետիսյանների գործով տուժողի իրավահաջորդները հայց են ներկայացրել Եվրադատարան


Արխիվ -- Մոմավառություն Երևանի Ազատության հրապարակում՝ ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների, 20-ը հունվարի, 2015թ․
Արխիվ -- Մոմավառություն Երևանի Ազատության հրապարակում՝ ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների, 20-ը հունվարի, 2015թ․

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված Անդրանիկ ու Նարինե Պողոսյանները՝ ընտանիքի հարսի՝ Արաքսյա Պողոսյանի ծնողները, Ռուսաստանի Դաշնության դեմ դատական հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ռուս զինծառայողի կողմից 2015-ի հունվարին գյումրեցի 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով հայցը ստրասբուրգյան դատարան է ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 2 կետերի խախտումների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի իրավունքի խախտման և այդ կյանքի իրավունքի խախտման փաստով արդյունավետ իրավական քննություն չկատարելու հիմքով, «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Անդրանիկ ու Նարինե Պողոսյանների ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Եվրոպական դատարանը պետք է քննարկի՝ իսկապես Ռուսաստանի Դաշնությունը խախտե՞լ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի իրավունքը, արդյո՞ք խախտել է նաև նրանց արդյունավետ պաշտպանության իրավունքը: Եվ գործի շրջանակներում կարող է և՛ նյութական, և՛ բարոյական կողմերով պատասխանատվությունը տեսնել ռուսական կողմի», - մեկնաբանեց Սաքունցը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ ռուսական կողմը պատշաճ կերպով չի քննել, թե ինչո՞ւ և ո՞ւմ մեղքով է Վալերի Պերմյակովը հայտնվել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում:

«Ռուսական կողմը պատշաճ չի կատարել իր կողմից պարտավորությունները՝ իր զինվորի ընտրության, զինվորի ծառայության նշանակման՝ Գյումրիի բազայում, որովհետև դա գտնվում է այլ երկրի տարածքում: Այսինքն, այն չափորոշիչները, որոնք են ռուսական կողմի չափորոշիչները՝ խախտել են», - ասում է Սաքունցը:

Տուժողի իրավահաջորդները Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի շրջանակներում բարոյական վնասի փոխհատուցման քաղաքացիական հայց են ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, որը մերժվել է: Ներպետական ատյանները սպառելուց հետո պաշտպանները այս հայցով ևս կդիմեն Եվրոպական դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG