Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր կառավարությանը ներկայացրեց յոթ զբոսաշրջային ընկերություններում ու 40 հանգստյան տներում իրականացված ուսումնասիրության արդյունքները։ Ըստ այդմ՝ պարզվել է, որ որոշ զբոսաշրջային ընկերություններ լիարժեք չեն կատարել հյուրանոցների հանդեպ ունեցած իրենց պարտավորությունները և բյուջեից ստացված գումարները ծախսել են այլ նպատակներով, ինչի պատճառով գոյացել են պարտքեր: Նշելով, որ սոցփաթեթի հանգստի բաղադրիչում ընդհանուր առմամբ մոտ 300 միլիոն դրամի չարաշահում է հայտնաբերվել, Իշխան Զաքարյանը շարունակեց՝ «Հաճախ էլ բանկերից սոցփաթեթի գումարներն ուղղակի չեն փոխանցվել զբոսաշրջային օպերատորներին»: Հայտնաբերվել են այլ խախտումներ ևս:
«Հաճախ սոցփաթեթից փաստացի օգտվել են շահառու չհանդիսացող քաղաքացիներ: Մի խումբ զբոսաշրջային օպերատորների մոտ առկա են սոցիալական փաթեթի գումարների ապօրինի կանխիկացման դեպքեր, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին: Որոշ օպերատորներ սոցիալական փաթեթի ծառայություններ են մատուցում, սակայն, ընդգրկված չեն եղել սոցփաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ, հաշվառված չեն եղել էկոնոմիկայի նախարարության կողմից»,- զեկուցեց Զաքարյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին՝ Վերահսկիչ պալատի խորհուրդն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու, Իշխան Զաքարյանը պատասխանեց, թե դա հասկանալու համար պետք է բոլոր լիցենզավորված կառույցներում ուսումնասիրություններ կատարել, ինչի համար կառավարության վերահսկողական ծառայության աջակցության կարիքն ունեն, քանի որ դա խիստ աշխատատար գործընթաց է: Էկոնոմիկայի նախարարության կողմից լիցենզավորված և հանգստի կազմակերպման գործում ներգրավված 69 զբոսաշրջային օպերատորներից Վերահսկիչ պալատը դեռ յոթում է միայն ուսումնասիրություններ կատարել։
Նախորդ շաբաթ կառավարությունը ժամանակավորապես կասեցրեց սոցիալական փաթեթի հանգստի բաղադիչը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարին հանձնարարել էր սոցիալական փաթեթները լրամշակել և ներկայացնել կառավարությանը։ «Փաստորեն, մեր որոշումը ճիշտ էր»,- չարաշահումների մասին հայտարարությունը լսելուց հետո այսօր ընդգծեց վարչապետն ու հավելեց՝ «Ցավ է, որ մեր քաղաքացիներն ուղղակի մտնում են գործարքի մեջ այդ հանգստյան տների, առողջարանների համապատասխան աշխատողների հետ: Մեր քաղաքացիները չպետք է գնան նման գործարքների»:
Ներկայումս սոցփաթեթից շուրջ 100 հազար մարդ է օգտվում: Դրա ֆինանսավորման համար պետբյուջեից ամեն տարի մոտ 10 միլիոն դրամ է հատկացվում: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծիքով, կառավարությունը պարզապես ցանկանում է խնայել բյուջեի միջոցները, սակայն, այլ բան է հայտարարում։ «Չարաշահումները կանխելու ու մեղավորներին պատժելու փոխարեն մի ամբողջ համակարգ ենք վերացնում»,- նկատում է սպառողների իրավունքների պաշտպանն ու հավելում՝ «Փոխանակ մենք պատժենք 10 հոգու, մենք կասեցնում ենք այդ հրաշալի համակարգը»:
Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը երեկ հայտարարեց, որ մինչև այս տարվա դեկտեմբերի 20-ը պետական ծառայողները կարող են օգտվել հանգստի բաղադրիչից: Շահագրգիռ կողմերը՝ Էկոնոմիկայի, Ֆինանսների, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններն ուսումնասիրություններ են իրականացնում, որպեսզի համապատասխան առաջարկություններ մշակեն սոցիալական փաթեթներում հնարավոր չարաշահումները բացառելու համար, ուստի՝ չի բացառվում, որ 2017 թվականի պետական բյուջեում նորից ներառվի հանգստի բաղադրիչը։
«Սա ընդամենը 3 թե 4 տարվա պատմություն ունի, դա իրենից ենթադրում է նաև զարգացում, ենթադրում է, որ ընթացքում խնդիրներ կծագեն, դրանց լուծումներ տալը: Էդ գործընթացը եղել է և շարունակվում է»,- ասաց Ապրեսյանը: