Այսօր կեսգիշերին մոտ Պրագայից Մոսկվա ժամանած Ջեֆ Շելին՝ ԱՄՆ Հեռարձակողների կառավարիչների խորհրդի նախագահին, արգելել են մուտք գործել Ռուսաստան:
Շելի մուտքն արգելվել է, թեև նա ուներ ռուսաստանյան վիզա և գործող անձնագիր: Նրան մի քանի ժամ պահել են փակ սենյակում, այնուհետև նստեցրել են Ամստերդամ մեկնող ինքնաթիռ:
Ո՛չ Շելին, ո՛չ ԱՄՆ Հեռարձակողների կառավարիչների խորհրդին տեղի ունեցածի մասին որևէ բացատրություն չի ներկայացվել:
Շելը իր հետ ճանապարհորդող գործընկերներին ասել է, որ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները նրան հայտնել են, որ իր մուտքի արգելքը Ռուսաստան մշտական է, դա «ցմահ արգելք է»:
Հեռարձակողների կառավարիչների խորհրդի պաշտոնյաները այսօր առավոտյան Մոսկվայում հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթի հետ՝ քննարկելու տեղի ունեցածը և շնորհակալություն են հայտնել դեսպանին և ԱՄՆ Պետդեպարտամենտին՝ հրատապ կարգով այս խնդրով զբաղվելու կապակցությամբ:
Պարոն Շելը նշանակվել է ԱՄՆ նախագահի կողմից և կես-դրույքով ծառայում է որպես նախագահ Հեռարձակողների կառավարիչների խորհրդում՝ մարմնում, որը վերահսկում է ամերիկյան բոլոր միջազգային լրատվամիջոցները: Նա նաև NBCUniversal ընկերության Filmed Entertainment բաժանմունքի նախագահն է: