Մատչելիության հղումներ

Փորձագետները դրական են գնահատում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, 9-ը հուլիսի, 2016թ․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, 9-ը հուլիսի, 2016թ․

Հայաստանյան փորձագետները դրական են գնահատում Վարշավայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունը։

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ Հայաստանի մասնակցությունը գագաթնաժողովին արտաքին հավասարակշռված քաղաքականության մասին է խոսում։

«Ռուսաստանի համար մենք Վրաստան չենք, իսկ Արևմուտքի համար Բելառուս չենք, մենք պահպանում ենք հավասարակշռությունը», - ասում է քաղաքագետը:

Նախորդ շաբաթվա վերջին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Սերժ Սարգսյանը մասնակցում էր Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների ղեկավարների հավաքին։

Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը և, մասնավորապես, վերջին հավաքին մասնակցությունը, ըստ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանի, կարևոր է Հայաստանի շահերն առաջ տանելու տեսանկյունից: Ըստ պատգամավորի՝ Հայաստանը հավակնում է լինել ՆԱՏՕ-ի լավագույն գործընկերների շարքում՝ մասնակցելով միանգամից երկու խաղաղապահ գործողությունների․ - «Անդրկովկասի միակ երկիրը, որը մասնակցում է ՆԱՏՕ-ի հետ միասին երկու խաղաղապահ գործողությունների՝ Կոսովոյում, Աֆղանստանում, դրա հետ միասին՝ ՀԱՊԿ-ի միակ անդամ երկիրն է, որը այդպիսի համագործակցություն ունի: 2005 թվականից շարունակական իրականացնում է արդեն հինգերորդ անհատական գործողությունների ծրագիրը»:

Պատասխանելով հարցին, թե ՆԱՏՕ-Ռուսաստան լարված հարաբերությունների պայմաններում Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ Հայաստանի հանդեպ արդյոք չի՞ կիրառի այսպես ասած՝ ոչ պաշտոնական պատժամիջոցներ, Թևան Պողոսյանն ասաց՝ պետք է վարժվել այս իրավիճակում գործելուն․ - «Թե ով ինչպես է խանդելու՝ դա արդեն այլ հարց է դառնում: Հայաստանը պետք է սովոր լինի իր ճկուն քաղաքականությամբ իր շահերը առաջ տանելու»:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հավելում է՝ այնուամենայնիվ, եթե ռուսական կողմն իսկապես դեմ լիներ Հայաստանի մասնակցությանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, միանգամից այդ մասին տեղյակ կպահեր և կխնդրեր Հայաստանի ղեկավարին չմեկնել Վարշավա։

«Ցանկացած նորմալ պետության նման Հայաստանը ևս համագործակցում է: Երբ փոխգործակցում ենք Իրանի հետ, ամերիկացիներն են դժգոհ լինում, դա այդպես է: Երբ փոխգործակցում ենք Վրաստանի հետ, ռուսներն են դժգոհ լինում, իսկ երբ Ռուսաստանի հետ՝ եվրոպացիներն են բողոքում: Այդպիսին է քաղաքականությունը», - ասում է Իսկանդարյանը:

Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի ամբիոնն օգտագործվեց նաև ղարաբաղյան հարցին անդրադառնալու համար։ Սերժ Սարգսյանը գագագաթնաժողովի շրջանակում իր ելույթում հակադարձելով Ադրբեջանի առաջնորդին, շեշտեց․ - «Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Սարգսյանն ընդգծել է՝ այնպես չէ, որ հայկական կողմը ցանկանում է պահպանել ստատուս քվոն․ - «Իրենք ասում են՝ ստատուս քվոն պետք է փոխվի, մենք էլ ուրախ չենք, որ կա ստատուս քվոն, լուծված չէ Ղարաբաղի հարցը: Բայց լուծումը կարելի է տալ տարբեր ճանապարհներով: Եվ Հայաստանը առաջարկեց: Ես վատ չեմ դիտում այդ միտքը: Ու մեր մասնակցությունը առաջին հերթին կապված էր նրա հետ, որ այս ամբիոնը շատ կարևոր, շատ լուրջ ամբիոն է, Հայաստանը օգտագործեց նորից ասելով իր դիրքորոշումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG